ԵՐԵՒԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԱԾ ԵՎՐԱՆԵՍԹԻ ՆԻՍՏԸ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՄԲ

Երեկ Երեւանում՝ Մարզահամերգային համալիրում, անցկացվում էր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստը։ Լրագրողների մուտքը վեհաժողովի դահլիճ, արգելված էր։ Ասացին՝ այդպես է որոշել ՔՊ-ական պատգամավոր, Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը։ Լրագրողների համար նախատեսել էին միայն նորին մեծություն տիկին Կարապետյանի ճեպազրույցը, որի համար մենք ստիպված եղանք նախապես հայտարարված ժամից մեկ ժամ ավելի սպասել։ Կարապետյանը եկավ, ներողություն խնդրեց ուշացման համար, ապա խոսեց Եվրանեսթի բյուրոյի եւ չորս հանձնաժողովների՝ քաղաքական, էներգետիկ, տնտեսական եւ սոցիալական նիստերի ու դրանցում քննարկված հարցերի մասին։

Մենք տեղեկություն ունեինք, որ Եվրանեսթի բյուրոյի նիստում ընդունվել է հակառուսական բնույթի մի փաստաթուղթ, որը, հետո պարզվեց, հայտարարություն է։ Մարիա Կարապետյանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ ինքն այդ փաստաթղթին կողմ չի քվեարկել։ «Երեկ բյուրոյի նիստում ընդունվել է բանաձեւ, որին ես կողմ չեմ քվեարկել, քվեարկությանը ձեռնպահ եմ եղել»,-ասաց նա՝ նշելով, որ հայկական պատվիրակությունից միայն ինքն էր ընդգրկված բյուրոյի կազմում։
Փորձեցինք ճշտել` իր «ձեռնպահ» դիրքորոշումն արդյոք պայմանավորվա՞ծ է այն հանգամանքով, որ մենք Ռուսաստանի հետ ունենք դաշնակցային հարաբերություններ, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Հարավային Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը իմ մղումների հիմքում են, եւ ես դա վերլուծելով եմ թե՛ ելույթներ ունեցել, թե՛ քվեարկել»: Իսկ թե ինչով էր այդ բանաձեւը հակասում Հարավային Կովկասում անվտանգության ու խաղաղության հաստատմանն ու իր մղումներին, Կարապետյանն այլեւս չցանկացավ մանրամասնել ու որեւէ այլ հարցի պատասխանել:
Մարիա Կարապետյանն իր խոսքում նաեւ նշեց, որ Եվրանեսթի քաղաքական հանձնաժողովի նիստի օրակարգում քննարկվել է «Հարավային Կովկասում անվտանգությունը» թեմայով օրակարգային հարցը, որի շրջանակում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ «Այդ հակամարտության վերջնական խաղաղ լուծման սպասելու վերաբերյալ ես կատարեցի շեշտադրումներ եւ ասացի, որ նաեւ եվրոպական խորհրդարանի մեր գործընկերները, մասնակցելով այդ քննարկմանը, իրենց աջակցությունն են հայտնել այդ օրակարգին»,- ասաց նա։ Բայց առանձին բանաձեւ կամ նախագիծ Արցախի հարցով, ըստ Կարապետյանի, չէր նախատեսվում։
Չնայած ՔՊ-ական պատգամավորը համառորեն չէր ցանկանում բացահայտել, թե ինչ փաստաթուղթ է ընդունվել բյուրոյի նիստում, եւ ինչում էր արտահայտվում դրա հակառուսականությունը, ավելի ուշ մեր ձեռքի տակ հայտնվեց այդ փաստաթղթի նախնական տարբերակը, որը, ինչպես ճեպազրույցի ժամանակ նշել էր Կարապետյանը, պետք է խմբագրվեր։ Փաստաթղթում իսկապես կան Ռուսաստանի դեմ ձեւակերպումներ։

Հայտարարությունը բաղկացած է մի քանի կետից, որոնցից մեկով, մասնավորապես, նշված է․ «Մենք վերահաստատում ենք, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժման պարագայում կամ Ռուսաստանի կողմից ժամանակավորապես գրավված ուկրաինական տարածքները որպես սուվերեն միավոր ճանաչելու դեպքում Եվրոպական միությունը պետք է անմիջապես գործի դնի լայն սպեկտրի պատժամիջոցները, որոնք նախատեսված էին ռուսական ներխուժման դեպքում կիրառելու համար։ Ռուսաստանի կողմից վերը նշված գործողություններին դիմելը կնշանակի Մինսկի համաձայնությունների եւ Նորմանդական գործընթացի ավարտ»։
Մեկ այլ կետով էլ նշվում է․ «Ռուսաստանի աճող ռազմական ագրեսիայի կոնտեքստում մենք կոչ ենք անում Եվրամիությանը՝ ձեւավորել հատուկ հարթակ՝ կոորդինացնելու համար ԵՄ անդամ երկրների կողմից Արեւելյան գործընկերության երկրներին ցուցաբերվող ռազմական տեխնիկայի մատակարարումները եւ զինուժի վերապատրաստումները՝ մեծացնելու այդ երկրների պաշտպանական կարողությունները, որ արդեն իսկ հիբրիդային հարձակումների են ենթարկվում Կրեմլի կողմից։ Մենք կոչ ենք անում Եվրամիությանը՝ Արեւելյան գործընկերության երկրների հետ մշակել անվտանգային համաձայնագրեր, որոնցով կմիավորվեն եւ կկոորդինացվեն ֆինանսավորումը, գիտելիքների փոխանցումը, հետախուզությունը, ռազմական եւ կիբերանվտանգային կարողությունները»։

Ի դեպ, Կարապետյանն ուղիղ պատասխան չտվեց նաեւ, թե Հայաստանի իշխանություններն ինչ դիրքորոշում ունեն Ռուսաստանի կողմից Լուգանսկի եւ Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հարցի վերաբերյալ, արդյոք Հայաստանը կմիանա՞ դրան։ Ասաց՝ դեռ ձեւավորված դիրքորոշում չունեն։

Նշենք, որ Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցում էին նաեւ ադրբեջանցի պատվիրակներ, որոնք հակահայկական մի շարք հայտարարություններով աչքի ընկան։ Նրանց սուր հակադարձեցին Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր անդամները՝ Հայկ Մամիջանյանը, Աննա Գրիգորյանը, Արթուր Ղազինյանն ու Արթուր Խաչատրյանը՝ նշելով, որ Արցախը հայկական է եւ երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Իշխանական պատվիրակներից բավականին սուր ելույթ ունեցել է Արման Եղոյանը, ասելով․ «Ես չեմ հիշում, թե քանի անգամ ադրբեջանցի կոլեգաները կրկնեցին՝ փորձելով համոզել իրենք իրենց, թե կոնֆլիկտն ավարտվել է: Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի եւ հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունն ավելի ու ավելի է խորանում»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )