Եվ Ամուլսարի շահագործման եւ Ստամբուլյան կոնվենցիայի ընդունման դեպքում Փաշինյանը կարագացնի իր հեռանալը

Չնայած իշխանությունները ամեն բան անում են, ցույց տալու համար, որ իրենց ներսում ամեն ինչ կարգին է ու խնդիրներ չկան, ներքին խմորումներ եւս չկան, սակայն պարզ է, որ իշխանության ներսում, այն էլ մի իշխանության, որտեղ միավորիչ ուժը տարբեր թեւերի շահերն են եղել եւ ոչ թե գաղափարները, ընդ որում, որոշ դեպքերում առանձին թեւեր իրենք են այլ շահերի սպասարկուներ եղել, չի կարող նման հարթ ու հանգիստ վիճակ լինել։ Այն, որ գործող վարչապետը հնարավորինս ուժեղացնում է իրավապահ ու ուժային մարմիններին, արդեն իսկ վկայում է, որ վերջինս հույսը դրել է վերահսկելիության ապահովման ուժային, քան թե թիմային եղանակի վրա։ Ամեն դեպքում, Փաշինյանն ինքն էլ չի թաքցնում, որ առաջիկայում գոնե Ամուլսարի մասով սպասվում են զարգացումներ։ Այս հողի վրա, առնվազն իր թիմի պառլամենտական ֆրակցիայի գոնե մեկ երրորդի հետ նա կարող է խնդիր ունենալ։ Ինչու մեկ երրորդի, որովհետեւ Ամուլսարի շահագործմանը դեմ են այսպես ասած սորոսականները եւ եւս ութ ինը պատգամավոր, որոնք առանձնապես չեն էլ թաքցնում իրենց բացասական տեսակետը։ Իսկ սորոսական թեւը մոտ 18-20 հոգի է եւ գումարած նաեւ 8-9 պատգամավորը, ստացվում է բավական լուրջ թիվ։ Մյուս խնդիրը, Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումն է։ Այստեղ արդեն նշված 8-9 հոգուն կմիանան թիմի այն ներկայացուցիչները, որոնք կգիտակցեն, որ կոնվենցիային կողմ քվեարկելով հարցուպատասխան կունենան իրենց ընտրողի հետ ոչ միայն Փաշինյանի օրոք, այլ նաեւ հետփաշինյանական շրջանում ու թեեւ սորոսականները այս առումով կկանգնեն Փաշինյանի կողքին, որովհետեւ դա իրենց սրտով կլինի, սակայն կրկին կարող է մի ստվար խումբ բաժանվել թիմից։ Այս իրավիճակներում դժվար է ասել, թե կկարողանա արդյոք Փաշինյանը պահել իր ձեռքում բացարձակ մեծամասնությունը, թե ոչ, սակայն պնդել, որ ձախողումը մոտ է, միանշանակ է, քանի որ երկու նախագծերի մերժումն էլ իր համար տոտալ խնդիրներ կստեղծեն արտաքին աշխարհում ու կարող է երկիրը կանգնեցնեն չափազանց լուրջ ցնցումների առաջ։
