«Գրիշա Վիրաբյանի ստերը՝ խմբագրի անունից․ ո՞ւմ է փորձում մոլորեցնել, և ո՞վ է պատվիրատուն»
Ամբիոն Նյուզը ներկայացնում է սոցիալական ցանցում հրապարակված ուղիղ եթերի ձայնագրությունը, որի ընթացքում տվյալ անձը մի շարք ծանր պնդումներ է հնչեցնում խմբագրի և Շիրակի մարզի դատախազության հասցեին։
Մասնավորապես, անձը, իրեն ներկայացնելով որպես խմբագրի ամուսին, պնդում է, թե խմբագիրը իրեն իբր խոստովանել է հանցանք կատարելու մասին։ Ավելին՝ նա հայտարարում է, որ մոտ երկուսուկես ամիս առաջ հանդիպել է Շիրակի մարզի դատախազի հետ, և վերջինս իրեն իբր հայտնել է, որ հնարավոր է՝ խմբագիրը գումար է վերցրած եղել։
Ամբիոն Նյուզը շեշտում է՝ նշված պնդումները տվյալ անձի հայտարարություններն են և չեն ներկայացվում որպես հաստատված փաստեր։ Դրանց իսկությունը հաստատող որևէ պաշտոնական փաստաթուղթ կամ այլ ապացույց մեր տրամադրության տակ առայժմ չկա։
Միաժամանակ, տվյալ անձի՝ իրեն որպես խմբագրի ամուսին ներկայացնելու հանգամանքի վերաբերյալ հայտնում ենք, որ կողմերը բաժանված են և երկար ժամանակ փաստացի համատեղ կենցաղ չեն վարել։
Սակայն զավեշտալին և առավել մտահոգիչն այն է, որ վերջին շրջանում խմբագրություն են ահազանգում քաղաքացիներ, որոնք իրենց ներկայացմամբ տուժել են Մելադա Սարգսյանից։
Քաղաքացիները խմբագրությանը հայտնում են, որ իրենց WhatsApp-ին, ըստ իրենց փոխանցած տեղեկությունների, ուղարկվում են Գրիշա Վիրաբյանի ուղիղ եթերների տեսանյութերը, ուղեկցվելով այնպիսի արտահայտություններով, ինչպիսիք են՝ «տեսեք՝ ով է ձեր լրագրողը», ինչպես նաև կոչերով՝ «գնացեք, խելոք բողոքները հետ վերցրեք», և իրենց հասցեին հնչեցվող ակնարկներով, թե հակառակ դեպքում «լավ չի լինի»։
Ամբիոն Նյուզը չի պնդում, որ նշված հաղորդագրություններն ուղարկած անձանց ինքնությունը կամ դրանց հեղինակությունը հաստատված են։ Սակայն քաղաքացիների կողմից խմբագրությանը փոխանցված այս ահազանգերը, ինչպես նաև համապատասխան հաղորդագրությունների և տեսանյութերի առկայության մասին տեղեկությունները, մեր գնահատմամբ, նույնպես ենթակա են իրավական պատշաճ ստուգման։
Այս իրավիճակում առաջանում են մի շարք կարևոր հարցեր.
Ո՞րն է տվյալ ծանր հայտարարությունների իրական աղբյուրը։
Ի՞նչ ապացույցներ ունի անձը՝ խմբագրին հանցանք կատարելու մեջ մեղադրելու համար։
Իրականում տեղի ունեցե՞լ է նրա կողմից նշված հանդիպումը Շիրակի մարզի դատախազի հետ։
Եթե հանդիպում տեղի է ունեցել, արդյո՞ք դատախազը նման հայտարարություն արել է։
Վաշխառու Մելադա Սարգսյանը ինչու է քաղաքացիներին ուղարկում տվյալ ուղիղ եթերների տեսանյութերը։
Արդյո՞ք քաղաքացիներին իսկապես կոչ է արվում հետ վերցնել իրենց բողոքները։
«Լավ չի լինի» բնույթի արտահայտությունները արդյո՞ք կարող են պարունակել քաղաքացիների նկատմամբ ճնշման կամ սպառնալիքի տարրեր։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածով զրպարտությունը սահմանվում է որպես անձի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորող փաստացի տվյալների հրապարակային ներկայացում։
Ամբիոն Նյուզը պատրաստ է իրավասու մարմիններին ներկայացնել ուղիղ եթերի ամբողջական ձայնագրությունը, քաղաքացիների կողմից փոխանցված համապատասխան նյութերը և այլ առկա ապացույցները՝ դրանցում հնչած հայտարարությունների իսկությունը, աղբյուրը և հնարավոր իրավական հետևանքները պարզելու նպատակով։
Ամբիոն Նյուզի պահանջն է՝ հրապարակայնորեն հնչեցված ծանր մեղադրանքներին, ինչպես նաև քաղաքացիների կողմից ներկայացվող հնարավոր ճնշումների ահազանգերին տալ օբյեկտիվ, ամբողջական և իրավական գնահատական։
Մենք կողմ ենք մեկ պարզ սկզբունքի՝ եթե որևէ մեղադրանք ունի փաստական հիմք, այն պետք է ապացուցվի իրավասու մարմիններում, իսկ եթե նման հիմք չկա, ապա անձանց հեղինակությունը վարկաբեկող և քաղաքացիների վրա հնարավոր ճնշում գործադրող հրապարակումները պետք է ստանան համապատասխան իրավական գնահատական։
