Գումար էին տվել հանրահավաքին մասնակցելու համար․ Արթիկի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները, իրացնելով մայիսի 14-ին ստացած տեղեկությունները, պարզել են, որ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը ապրիլի 11-ին կուսակցություններից մեկի կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար մի խումբ համաքաղաքացիների, գումարի դիմաց, իր «Նիսան» մակնիշի մեքենայով տարել է Երևան, ապա հանրահավաքի ավարտին` Արթիկ տեղափոխելուց հետո, տվել է խոստացված գումարը։

28-ամյա երիտասարդը մայիսի 14-ին Արթիկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ հաղորդում է տվել, որ, նախնական համաձայնությամբ, հանդիպել է իր ծանոթ 34-ամյա համաքաղաքացուն, որը խոստացել է կուսակցություններից մեկի՝ մայրաքաղաքում կայանալիք  հանրահավաքին մասնակցելու համար հավաքագրել մարդկանց՝ խոստանալով յուրաքանչյուր անձի դիմաց վճարել 20 հազար դրամ, ինչին ինքը համաձայնել է։ Այնուհետև ապրիլի 11-ին չորս համաքաղաքացիների իր մեքենայով տարել է մայրաքաղաք, որտեղ Ազատության հրապարակում մասնակցել են հանրահավաքի։

Ըստ 28-ամյա երիտասարդի՝ Արթիկ վերադառնալուց հետո 34-ամյա համաքաղաքացին տվել է խոստացած 100 հազար դրամը, որից ինքը բաժին է հանել հանրահավաքին մասնակցած համաքաղաքացիներին, ինչի վերաբերյալ նրանցից երկուսը նույնպես հաղորդում են ներկայացրել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Արթիկ քաղաքի բնակիչ 28-ամյա և 34-ամյա երիտասարդները ձերբակալվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։

Share This