Գործարաններին կոչ անելով չէ, որ գործը պետք է առաջ շարժվի, գործը առաջ է շարժվում հարաբերությունները ճիշտ կարգավորելով. տնտեսագետ Վարդան Բոստանջյան
Այս մեկ ու կես տարվա ընթացքում իշխանությունը հանդես է գալիս կոչերով, սակայն տնտեսական հարցերում կոչեր պետք չեն, այլ պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ տնտեսական հեղափոխության գործում մեր թիվ մեկ դաշնակիցը ՀՀ գործարարներն են:
«Ընդհանուր առմամբ իր ասածն իրականությանը համապատասխանում է, որովհետև ցանկացած տնտեսական աշխուժացում, զարգացում գործարանների միջոցով պետք է տեղի ունենա: Սակայն պետք է այնպես անել, որ գործարաններն իրենց գործունեության համար շահագրգռված լինեն ․ գործարաններին կոչ անելով չէ, որ գործը պետք է առաջ շարժվի, գործը առաջ է շարժվում հարաբերությունները ճիշտ կարգավորելով»,-նշեց տնտեսագետը:
«Եթե շահագրգռված չեն գործունեություն ծավալել, կոչով ինչպե՞ս կարող են հասնել այնպիսի արդյունքների, որոնք գործադիր իշխանությունները դա համարեն տնտեսական հեղափոխություն»,- ասաց նա:
Բոստանջյանի խոսքով՝ վարչապետի հայտարարության մեջ ենթատեքստ չկա: Նա նշեց նաև, որ այս մեկ ու կես տարվա ընթացքում իշխանությունը հանդես է գալիս կոչերով, սակայն տնտեսական հարցերում կոչեր պետք չեն, այլ պետք է ստեղծել բարենպաստ պայմաններ:
«Բազմիցս ասել եմ՝ տնտեսական հեղափոխություն չի կարող լինել: ՀՀ-ն իր քիչ ռեսուրսներով, ոչ հաջող հարևաններով և աշխարհագրական դիրքով, ըստ էության, տնտեսական զարգացման համար անհամեստ դիրքերում չպետք է գտնվի: Ի՞նչ է նշանակում տնտեսական հեղափոխություն: Եկե՛ք, այս պարագայում գոնե տնտեսական զարգացում կոչենք և խթանենք այդ զարգացմանը»,- ամփոփեց Բոստանջյանը:
