Գյումրու Վարդանանց հրապարակը պատմության մեջ ժամանակին կոչվել է նաև Մայիսյան ապստամբության հրապարակ
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը
Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման առթիվ
Սիրելի՛ գյումրեցիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մայիսի 28-ի՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։
1918 թվականի այս օրը դարձավ մեր պատմության հերոսական վկայություն՝ մի ժամանակաշրջան, երբ մեր ժողովուրդը, անցնելով արհավիրքների միջով, կարողացավ ոտքի կանգնել, հռչակել անկախություն և կերտել իր պետականությունը։ Դա հաղթանակ էր՝ նվաճված սեփական ուժերով, մեր հայրերի արյամբ, խիզախությամբ ու անկոտրում կամքով։
Առաջին Հանրապետությունը մեզ թողեց մեծագույն պատգամ՝ լինել միավորված, պաշտպանել հայրենիքն ու երբեք չընկրկել փորձությունների առաջ։ Այսօր, երբ ապրում ենք անկախ Հայաստանում, պարտավոր ենք ամեն օրը արժևորել ու ամրապնդել մեր պետականությունը, արմատավորել մեր սերունդների մեջ հայրենասիրությունը, ճշմարտության և արդարության ձգտումը։
Գյումրին եղել և մնում է հայոց պետականության հենասյուներից մեկը, դիմադրության, մշակույթի և ոգու անսասան բերդը։ Գյումրու Վարդանանց հրապարակը պատմության մեջ ժամանակին կոչվել է նաև Մայիսյան ապստամբության հրապարակ՝ հիշատակելով 1918 թ. մայիսին տեղի ունեցած խիզախ ու պատմական իրադարձությունները։ Վստահ եմ՝ միասին կարող ենք շարունակել մեր նախնիների գործը՝ հզորացնել մեր քաղաքը, մեր պետությունը և փոխանցել հավերժական արժեքներ մեր երեխաներին։
Փա՛ռք մեր հերոսներին,
Փա՛ռք Հայաստանին,
Փա՛ռք Գյումրիին։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ

