Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ջոկատը տոնեց իր 100 տարուց ավելի հարուստ պատմությունը
Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ սահմանապահ ջոկատը տոնեց իր 100 տարուց ավելի հարուստ պատմությունը։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սահմանապահները յուրահատուկ էին նախապատրաստվել կարևոր տարեդարձին՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց ծառայությանն ու նվիրական առաքելությանը։
Միջոցառման ընթացքում սահմանապահները հանդիսավոր շքերթով ողջունեցին հյուրերին, իսկ ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին հանձնվեցին պատվավոր պարգևներ՝ որպես գնահատանքի և կարեւորելու խորհրդանիշ։ Միջոցառմանը ներկա էին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, փոխքաղաքապետերը, Գյումրիում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը, ինչպես նաև բարձրաստիճան ռուս գեներալները, որոնք ընդգծեցին ջոկատի անփոխարինելի դերը։
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հատուկ շնորհակալական խոսքով հանդես եկավ` մասնավորապես նշելով.
«Այսօր մենք հատուկ տոնում ենք նրանց օրը, ովքեր անդադար հսկում են մեր սահմանները՝ գիշեր ու ցերեկ, անձնվիրաբար անվհատ, հաճախ իրենց կյանքը վտանգի ենթարկելով։ Երբ ինչ-որ տեղ հեռվում կանգնած են մեր սահմանապահները՝ երկիրը հսկելու համար, դա վստահության և ուժի աղբյուր է ։ 100 տարուց ավելի է` նրանք պահպանում են Լենինականի (այժմ՝ Գյումրի) սահմանները՝ ծառայելով մեծ սիրով և պատասխանատվությամբ։
Իմ և բոլոր գյումրեցիների անունից՝ շնորհակալություն եմ հայտնում և շնորհավորում նրանց՝ մեր հերոսներին, ովքեր չխնայելով իրենց ուժերն ու առողջությունը, պաշտպանում են մեր հայրենիքը։ Խորին շնորհակալություն եմ հայտնում նաև գեներալներին ու բոլոր սահմանապահներին, մաղթում նրանց քաջ առողջություն, խաղաղություն և երջանկություն»։
Միջոցառումը եզրափակվեց սահմանապահների թանգարանում, որտեղ հյուրերը գրություն թողեցին` որպես հարգանքի վկայություն։





