Գենետիկ մուտացիան «օգնել է» գիտնականներին գտնելու «ցավն անջատելու» եղանակը
Լոնդոնի համալսարանական քոլեջի մասնագետները կարողացել են գտնել «ցավն անջատելու» մեխանիզմը, շնորհիվ Շոտլանդիայում բնակվող Ջո Քեմերոնի, ով ունի գենետիկ այնպիսի մուտացիա, որ ցավ չի զգում, վախ չի զգում, անհանգստություն երբեք չի ունենում։ Բացի այդ, նրա մոտ ցանկացած վերք շատ արագ ապաքինվում է։ Այս մասին հայտնում է MedicalXpress պարբերականը, վկայակոչելով Brain հանդեսում հրապարակված գիտական հետազոտության արդյունքները։ Լոնդոնյան գիտնականները նկատել են, որ Ջոյի օրգանիզմում առկա է FAAH-OUT գենի մուտացիա, որը անջատում է մեկ այլ գեն՝ FAAH-ը, որն իր հերթին հանդիսանում է քնդոկանաբինոիդային համակարգի մաս եւ լավ հայտնի է որպես ցավի զգացողության, հիշողության եւ տրամադրության ձեւավորման մեխանիզմի մասնակից։ Ուշագրավ է այն, որ գիտնականները մինչ այս FAAH-OUT գենը պարունակող գենոմային հատվածը համարել են «աղբային»՝ այսինքն անպիտան եւ որեւէ ֆունկցիա չկրող։ Մասնագետները նշում են, որ Ջո Քեմերոնի մոտ կա եւս մի քանի գենետիկ մուտացիաներ, որոնց ուսումնասիրությունը եւս կարող է գիտության համար որոշակի նշանակություն ունենալ։
