Բժիշկը բացատրել է, թե ինչպես է հնդկական նահանգը հաջողություն գրանցել կորոնավիրուսի դեմ պայքարում
Հնդկաստանի Կերալա նահանգում կորոնավիրուսի դեմ պայքարի հաջողությունը հիվանդության բռնկմանը բազմակողմանի պատրաստվածության մեջ է, ինչպես նաև 2018թ. Նիպահ վիրուսի դեմ հաջող պայքարը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման կարծիք է հայտնել Ամրիտա բժշկական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ, բժիշկ Վիջյա Կումարը:
Հնդկաստանի հարավում գտնվող նահանգը 21-րդն է տարածքով և 8-րդը բնակչության թվով: Այստեղ 38 000 քառ. կմ տարածում բնակվում է ավելի քան 33 մլն մարդ: Վերջին տվյալների համաձայն՝ նահանգում վարակման 963 դեպք է արձանագրվել, որոնցից 542-ն ապաքինվել են, 6-ը՝ մահացել:
«Մեզ մոտ ավելի վաղ փորձ է եղել, որը ձեռք ենք բերել Նիպահ վիրուսի պատճառով: 2018թ. նահանգում այդ հիվանդության բռնկում էր տեղի ունեցել: Այդ իսկ պատճառով, երբ սկսվել է կորոնավիրուսի համաճարակը, կառավարությունը գիտեր ինչ անել: Նահանգի իշխանությունները վաղ փուլում մեկուսացման ռեժիմ սահմանեցին, կոչ արեցին սոցիալական հեռավորություն պահպանել: Դա օգնել է զսպել վարակի տարածումը, թեև Կերալայում այն սկսվել էր բոլորից շուտ»,- բացատրել է բժիշկը:
