Բախտավորություն էր Ձեզ պես գլխավոր խմբագիր ունենալը, Ձեզ հետ աշխատելը՝ պատիվ
«Իրավունք» թերթի լրագրող Հրանտ Սարաֆյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է մեր սիրելի խմբագրի անժամանակ կորստի դառնության մասին։ Ստորև նկարագրած յուրաքանչյուր խոսքը 100%֊ոց ճշմարտություն է, և այն մարդիկ, ովքեր չէին ճանաչում անձնապես պարոն Գալաջյանին, կամ գուցե այլ կերպ էին ճանաչում, կարդացեք նրա իրական կերպարի մասին։
… Ես սովորել էի անգամ Ձեր բազմաբովանդակ հազի տոնայնությունից հասկանալ օրվա ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակը, սովորել էի Ձեր լռությունից նույնիսկ հասկանալ ինչի վրա եք բարկացած, նեղված կամ ուրախ…. Սովորել էի, որ ոչ թե թերթի երկրորդ էջի հանրահայտ Ձեր սյունակից պիտի իմանայի, այլ առաջինը հենց Ձեզնից, թե ինչի վրա եք զարմացած այսօր: Իրականում զարմացածը մենք էինք՝ Ձեր ֆենոմենալ հիշողությունից, 24/7 ռեժիմով մշտարթուն աշխատանքից, անսահման նվիրվածությունից, ծով բարությունից, անողոք ու անզիջում սկզբունքայնությունից, աներեւակայելի հայրենասիրությունից ու շրը՜խկ թրի պես սուր խոսքից ու հումորից… Բախտավորություն էր Ձեզ պես գլխավոր խմբագիր ունենալը, Ձեզ հետ աշխատելը՝ պատիվ: Երանի՜ այս ամենը վատ երազ լիներ, երանի՜ նորից խմբագրությունը զրնգար Ձեր հազի ձայնից, երանի՜ ֆեյսբուքում Ձեր լույսը կրկին վառվեր, երանի՜ ազնվությունը, ճշմարտությունն ասելու, գետերին ու հոսանքներին հակառակվելու համարձակությունը, բոլոր եղկելի արատների դեմ պայքարելու կամքը չպակասեր մեր իրականությունից… Կարոտելու եմ շատ…. Գիտեմ, որ հիմա կասեիք՝ կլինի՞ մի քիչ լուռ… Բայց՝ չէ, չի լինում, ոչ պապանձվել է լինում, ոչ խոսել…. Անհուն ու անհատակ դատարկություն է, որի ինքաբուժությունն էլ այն հուշերով լցնելն է: Վստահ էի, որ Դուք միշտ հաղթող եք ու երբեք այս դառը օրը չի գալու, բայց մահին էլ հաղթեցիք, Ձեր ոճի մեջ՝ շրը՜խկ, հանկարծակի, անկանխատեսելի ու անմահացաք՝ թողնելով բարի անուն, ուրույն ձեռագիր, տասնյակներով Ձեր դարբնոցում թրծված լրագրողներ ու հրաշք ընտանիք:
Փա՜ռք քեզ, պարոն Գալաջյան ջան եւ բարի վերածնունդ: Հա՜, էս ձեւակերպումն իմը չէ, Ձերն է… Ես կգրեի՝ հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի ու հիմա արդեն ավելացնելով, որ հավատում եմ Ձեր վերածնունդին….

