Արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող արտակարգ դրությունից զատ՝ պատասխանատվության այս միջոցները կիրառման ենթակա չեն. Ռ. Բադասյանը՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելու նախագծի մասին
ԱԺ արտահերթ նիստում Կառավարության ներկայացրած Քրեական օրենսգրքի ու Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի նախագծերի փաթեթի քննարկմանը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իր եզրափակիչ ելույթում կարծիք հայտնեց, թե այս պահին նախագծով իրավիճակի լավագույն լուծումները կան:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հարցին, թե նախագծով սահմանված դրություները վերաբերում են միայն արտակարգ դրության ընթացքին, նախարարը նշեց. «Մենք կանոնակարգել ենք, որ սա արտակարգ իրավիճակի հետևանքով առաջացող արտակարգ դրություն է, այսինքն՝ եթե լինի այլ դեպք, օրինակ՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը, պատասխանատվության այս միջոցները կիրառման ենթակա չեն»:
Արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտարկմանը, թե անձինք պետք է մեկուսացման և ինքնամեկուսացման կանոնների վերաբերյալ տեղեկացված լինեն կոնկրետ անձանց միջոցով, Բադասյանն ասաց. «Սանիտարական կանոնների մշակման, հաստատման, վերանայման, կիրառման կարգը սահմանում է Կառավարությունը, օրենքով վերապահված է լիազորություն. Կառավարության որոշմամբ որոշ կանոնակարգումներ ունենք, հետագայում էլ օրենսդրությունը կբարեփոխվի»:
Դիմելով քաղաքացիներին՝ արդարադատության նախարարը նշեց, թե պատասխանատվության բոլոր միջոցները առավել կանխարգելիչ նշանակություն ունեն:
Ավելի ուշ ԱԺ-ն 117 կողմ, 0 դեմ ձայներով ընդունեց մեկուսացման կամ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու դեպքում իրավական պատասխանատվություն նախատեսող օրինագիծը:
