Արմեն Ներսիսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ քաղաքական գործընթացների և սիմվոլների վերաբերյալ քննադատական մեկնաբանություններով

Արմեն Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ծավալուն գրառում, որտեղ ներկայացրել է իր կարծիքը քաղաքական գործընթացների, պետական խորհրդանշանների և հանրային դիսկուրսի վերաբերյալ։
Նա իր գրառման մեջ մասնավորապես գրել է․
Թե իբր սուվերենության համար են պայքարում։ Ու ամեն կորուստ փորձում են քողարկել մի հասկացության տակ, որի էությունից այնքան հեռու են հոգով ստրուկները․․․
Նույնիսկ «Հանրապետության օրվան» նվիրված զորհանդեսի ներկայացման ժամանակ հանրային հեռուստաընկերությամբ մանպուլիացիոն ձևով տարվում էր մի թեզ, որ իբր ամեն ինչ հայկական է, նպատակ ունենալով ցույց տալ «Ռուսաստանից ազատագրվելու» փաստը։ Իհարկե այս թեզը լավ է աշխատում, քանի որ հակառուսականության հանրային հիստերիայի լավ հող է նախապատրաստվել։ Բայց իրականությունը լրիվ այլ տեղ է։ Փորձենք քողազրկել․․․
Այսօր քարոզվող «խաղաղության սրտիկի» սիմվոլն իրականում արտադրված է Թուրքիայում և ամբողջությամբ պատճենահանված է։ Թուրքիայի առևտրի և ֆինանսների նախարարությունների կողմից տեղական արտադրանքը նշագրող այս լոգոն առաջին անգամ համացանցում հայտնվել և կիրառության մեջ է դրվել 2018 թվականի հոկտեմբերին (հեղինակ՝ Վանի առևտրաարդյունաբերական պալատ)։ Հետևաբար, ակնհայտ է դառնում, որ Հայաստանում քարոզվող խաղաղությունն արտադրված է Անկարայում։ Yerli üretim արտահայտությունը հայերեն թարգմանվում է որպես «Տեղական արտադրություն» կամ «Հայրենական արտադրություն», այսինքն արտադրված է Թուրքիայում։
Եվ ցինիկությունն այնտեղ է, որ այս ամենը բաց ու հրապարակավ ներկայացվում է սիմվոլների միջոցով։ Ինչու՞ այսքան բաց․ որովհետև Հայաստանում իշխող տոտալ անգրագիտության պայմաններում (կրթական ցենզի հետ կապ չունի), մարդկանց ստիպեցին համակերպվել դավաճանության հետ (2020), ուրացման հետ (2023), իսկ հիմա բացահայտ կերպով հանցակից են դարձնում պղծությանը։ Այո՛ դու կամավոր ես ընտրելու պղծությունը՝ որպես «բաբելոնի աշտարակաշինարար»։
Իսկ հիմա «Ռուսաստանից ազատագրվելու» խնդիրը։ Որպեսզի հասնեինք տգիտության այս վերջին հանգրվանին՝ բացահայտ պղծությանը, անհրաժեշտ էր ցեղասպան ադրբեջանի ու թուրքիայի փոխարեն նոր թշնամի։ Եվ ամբողջ թափով իրականացվեց Ռուսաստանի դեմոնիզացման գործընթացը (այստեղ պետք է փաստել նաև Ռուսաստանի ապաշնորհությունը)։ Արդեն լղոզվել է իրական թշնամու կերպարը, հետևաբար կարելի է ցեղասպանության մեջ թուրքի փոխարեն մեղադրել ռուսին, Արցախի ցեղասպանության և հետո ուրացման համար գլխավոր մեղավոր ճանաչել ռուսին։ Այդպես հնարավոր է սնուցել տգիտությունը և սեփական պիղծ քայլի համար «արդարացումներ» ունենալ, այդպես շրջանառության մեջ դրեցին «լավ է լինել թուրքի շունը, քան՝ ռուսի ստրուկը» թեզը, որն ուղղակի անարգանք է միլիոնավոր ցեղասպանված հայրենակիցների նկատմամբ․․․
Վերջաբան․ մինչև չվերանա տգիտությունը, կանգուն չի մնա պետությունը։
