Ավինյանը խոստանում է <<պերեվառոտ>> չանել
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ ԱԺ-ում կրակն էր ընկել մեր ձեռքը ու ոչ մի կերպ չէր կարողանում «ազատագրվել» մեր հարցերից՝ կապված Միքայել Մինասյանի հայտարարությունների, իր եւ վարչապետի փոխհարաբերությունների, իր հրաժարականի մասին լուրերի եւ մնացած թեմաների հետ։ Նա նախ ամեն գնով փորձեց հերքել, թե իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ լարվածություն չկա, ինքն էլ հրաժարական չի տալու՝ «դրանք սուտ լուրեր են»։
Միքայել Մինասյանի տեսագրությունների վերաբերյալ էլ, որտեղ վերջինս հայտարարում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն իրեն գործարք առաջարկել, որ վճարի ու այլեւս Հայաստան չգա, Ավինյանն ընդամենը խորհուրդ տվեց Մինասյանին՝ հաճախակի նմանատիպ տեսագրություններով հանդես գալ։ Այդուհանդերձ, իրենք առաջարկե՞լ են Մինասյանին՝ սիմվոլիկ գումար փոխանցել իքս հիմնադրամի, որից հետո կդադարեցնեն Մինասյանների ընտանիքի նկատմամբ քրեական հետապնդումները։
Մի քանի անգամ խուսանավելուց հետո ի վերջո Ավինյանը, տեսնելով, որ էլ ճար չկա, չի կարողանում ազատվել մեզանից, կարճ պատասխանեց․«Ոչ»։ Բայց դրանով նա հոգին չազատեց։ Ավինյանի միակ փրկությունը Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակը շուտ գտնելն էր, որ հասներ ու պատսպարվեր, բայց դա նրա համար Գողգոթայի ճանապարհի վերածվեց․ մենք հարցուփորձ անելով՝ ուղեկցեցինք նրան մինչեւ Ռուբինյանի աշխատասենյակը։ Այդ ընթացքում կառավարության «գորշ կարդինալը», որին, ասում են, վարչապետը կասկածում է «պերեվառոտ» անելու մեջ, ստիպված եղավ մեր մի քանի հարցերին պատասխանել։
Ներկայացնում ենք մեր դրամատիկ զրույցը՝ բառացի։
– Պարոն Ավինյան, խուսափո՞ւմ եք, չե՞ք ուզում պատասխանել մեր հարցին, ի վերջո, Ձեր կողմից պաշտոնապես պատասխան չեղավ Միքայել Մինասյանի ասածների վերաբերյալ, նա ձեզ մեղադրում է իրեն գործարքի մղելու մեջ։
– Ռուբինյանի կաբինետը որտե՞ղ ա․․․
– Վերեւում է, պարոն Ավինյան, ստիպված եք դիմանալ եւս մի քանի աստիճան։
– (Ծիծաղում է)։
– Լավ, այս հարցում լռում եք։ Իսկ վարչապետի հետ տարաձայնություններ կա՞ն, ինչո՞ւ են անընդհատ գրում, որ Դուք պերեվառոտ եք ուզում անել ներսում, ի՞նչ խնդիր կա վարչապետի հետ։
– Դուք էիք, չէ՞, գրել դրա մասին։ Ինձ թվում ա՝ դուք էլ կիմանաք՝ ինչի։
– Մենք գրել ենք, որովհետեւ նման լուրեր են մեզ հասել, հիմա Դուք ինքներդ ասեք՝ ի՞նչ խնդիր ունեք վարչապետի հետ։
– Ես որեւէ խնդիր չունեմ վարչապետի հետ։
– Բայց այդ լուրերը երբեմն իրականանալու հատկություն ունեն։
– Ռուբինյանի կաբինետը որտե՞ղ է։
– Չորրորդ հարկում է, պարոն Ավինյան, մի հարկ էլ պետք է դիմանաք ու պատասխանեք մեր հարցերին։ Ի վերջո, ի՞նչ խնդիր ունեք վարչապետի հետ՝ այդ լուրերն իրականանալու հատկություն ունեն, դեռ Սերժ Սարգսյանի թվերից մեր գրածներն իրականանում էին։
– Էս անգամ ցավով պետք է նշեմ, որ չեն իրականանալու։
– Այսինքն՝ «պերեվառոտ» չե՞ք անելու։
– Ոչ։
– Իսկ ի՞նչ խնդիր ունեք վարչապետի հետ, ընդհանրապես։
– Չունեմ որեւէ խնդիր վարչապետի հետ։
– Ձեզ գոհացնո՞ւմ է վարչապետի վարած քաղաքականությունը։
– «Հրապարակ» թերթն ա, չէ՞, դրա մասին գրել, ենթադրում եմ՝ պատճառներն էլ, ուրեմն, պիտի իմանաք։
– Մենք պատճառների մասին էլ ենք գրում, բայց հիմա ուզում ենք Ձեզանից իմանալ նաեւ։
– Չկան պատճառներ, դա ամբողջապես սուտ է։
– Բայց ստի մեջ ավելի հաճախ մեղադրում են վարչապետին, որն առաջ մի հայտարարություն էր անում, այսօր մեկ ուրիշ հայտարարություն է անում։
– Ավարտեցինք։
– Էլ չե՞ք պատասխանում։
– Չէ։
