Ապօրինի պահվող զենք-զինամթերքներ են հանձնվել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք
ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ձեռնարկել միջոցառումներ՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման և կամավոր հանձնման ուղղությամբ:
Ներկայացնենք համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում գրանցված երեք դեպք։
Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ջերմուկ տանող ճանապարհի հարակից աղբյուրի մոտ։ Նշված վայրում հայտնաբերվել են որսորդական ողորկափող և ինքնաշեն հրացաններ, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ և ինքնաձիգի փամփշտատուփեր։
Ոստիկանություն զանգահարած մեկ այլ քաղաքացի էլ ապօրինի պահվող զենք-զինամթերք էր թողել Արմավիրի մարզի Շահումյան գյուղում գտնվող մատուռի մոտ։ Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿ-103» և «ՏՕԶ» տեսակի երկու ինքնաձիգ, կարճեցված փողով հրացան, ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակ և նռնակի պայթուցիչ, սվին-դանակ, 81 փամփուշտ և այլ պարագաներ։
Կամավոր հանձնման հաջորդ դեպքը գրանցվել է Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնում։ Ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողել Ագարակ-Կարճևան ճանապարհի հարակից էլեկտրասյան մոտ։ Նշված վայր մեկնած համայնքային ոստիկանները հայտնաբերել են «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ և 341 փամփուշտ։
Կրկին կոչ ենք անում կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ազատվելով քրեական պատասխանատվությունից։
