«Աշխատել եմ, հիմա որոշել եմ հանգստանալ». Լենա Ջիլավյան
Ambionnews-ի տեղեկություններով` Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաներ ներկայացրել են հրաժարականներ։ Համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Հայկ Սուլթանյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, համայնքի ղեկավարի օգնականներ Արամ Շաբոյանը, Ռոբերտ Եգորյանը, համայնքի ղեկավարի մամուլի քարտուղար Սոնա Առաքելյանը, Ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժնի պետ Լյովա Սիմոնյանը, «Գյումրու բնակարանների սպասարկում» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը հրաժարականներ են ներկայացրել։
«Ես աշխատել եմ «Բալասանյան դաշինքի» հետ և քաղաքապետը, որ հրաժարական տվեց, ես որպես քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական պարտավոր էի քաղաքապետի հետ դուրս գալ աշխատանքից, որովհետև ես կոնկրետ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի խորհրդականն եմ։ Հնարավոր է, որ եկող քաղաքապետը ունենա իր խորհրդարանականը ֆինանսական հարցերի գծով»,-Ambion.News-ի հետ զրույցում ասում է Գյումրիի քաղաքապետի ֆինանսական գծով խորհրդական Լենա Ջիլավյանը։
Ջիլավյանն ասում է, որ նոր քաղաքապետին անձամբ չի ճանաչում, բայց առիթ եղել է մի քանի անգամ տեսնել ավագանու նիստերի ժամանակ։
«Ես շատ քաղաքապետերի հետ եմ աշխատել, թե’ ընտրովի, թե’ նշանակովի։ Ոչ մի քաղաքապետ չեմ հիշում, որ չի ուզեցել ինձ հետ աշխատի։ Շուտով 50 տարին կլրանա, որ աշխատել եմ ֆինանսական բաժնում։ Առանց վրդովմունքի դիմումս գրել եմ և դուրս եկել։Այդքան տարի աշխատել եմ, հիմա որոշել եմ հանգստանալ»,-ընդգծեց Լենա Ջիլավյանը։
Մեր ճշգրտող հարցին, արդյո՞ք կաշխատի ՔՊ-ական քաղաքապետի հետ, հայտարարեց, որ չի մտածել այդ մասին, այս պահին որոշել է հանգստանալ։
