Աղմկահարույց բացահայտման հետքերով. քչերը կսպասեին
tert.am-ը գրում է.
Hetq.am-ը տեղեկություն է հրապարակել, որից պարզ է դառնում, որ առանց «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը փոփոխության ենթարկելու, Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարությամբ էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը՝ համապատասխանաբար դառնալով 1,5 մլն, 1մլն 60 հզ և 870 հազ դրամ։
Ինչպես հայտնի է, հեղափոխությունից ի վեր իշխանությունները պարբերաբար խոսում են պետական համակարգում աշխատավարձերի բաձրացման անհրաժեշտության մասին: Փորձելով հիմնավորել աշխատավարձերի բարձրացման անհրաժեշտության մասին պնդումները՝ բանախոսները հաճախ մատնացույց են անում մի կողմից՝ աշխատանքի արդյունավետության երաշխավորման հանգամանքը՝ ուղղակի կապ տեսնելով աշխատավարձերի չափի ու մարդու օգտակար գործողության գործակցի միջև, մյուս կողմից՝ ցուցանում իրենց իսկ կողմից որպես բացարձակ ճշմարտություն մատուցվող այն թեզը, ըստ որի՝ հետհեղափոխական Հայաստանում պետական օղակներում «կաշառք» ասվածն, առհասարակ, վերացել է: Եվ քանի որ պետական պաշտոնյաները՝ վերից վար, մնացել են չոր «ռոճիկի» հույսին, հետևաբար՝ բավարարելու համար նրանց տարրական մարդկային պահանջմուքներն ու ջնջելու կաշառք վերցնելու գայթակղությունը, աշխատավարձերը պետք է բարձրացվեն՝ նույնիսկ եթե պարբերաբար տրվում են գերբարձր պարգևավճարներ:
Աշխատավարձերի բարձացումն, իհարկե, ինքնին հրաշալի է: Թո՛ղ վայելեն: Հարցը բոլորովին դա չէ, այլ այն, թե ինչո՞ւ է Կառավարությունը կամ դրա ղեկավարը որոշել այդ բարի քայլը հասարակությունից գաղտագողի կատարել. աշխատավարձերի բարձրացման գործընթացը պետք է լինի թափանցիկ և հրապարակային ընթացակարգերով, մինչդեռ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը հրաժարվել է նույնիսկ բացատրություն ներկայացնել, թե ինչու է այդ ամենը բոլորից գաղտնի պահվել:
Նիկոլ Փաշինյանի՝ նույն ֆեյսբուքյան «լայվերի» նկատմամբ տածած սիրուց տպավորություն է առաջացել, որ Փաշինյանը կողմնակից է մաքսիմալ թափանցիկ գործելաոճի՝ ելնելով, անշո՛ւշտ, քաղաքական հաշվարկներից: Մինչդեռ այս պարագայում ստացվում է բոլորովին այլ պատկեր:
Հետաքրքիր է՝ եթե չլիներ այս հրապարակումը, հայ հանրությունն այդպես էլ շարունակելո՞ւ էր անտեղյակ մնալ Կառավարության «հերոսությունից»: Եթե այո, ապա որքա՞ն, որքա՞ն էր գաղտնի պահվելու Կառավարության բարձրաստիճան անդամների աշխատավարձերի բաձրացման փաստը: Եվ կամ էլ ի՞նչ «հերոսություններ» է հասցրել Կառավարությունն անել, որոնց մասին դեռ ոչ ոք չի էլ կասկածում:
Հարցն, իհարկե, հռետորական է, հռետորական չէ, սակայն, դրա հնարավոր պատասխան-բացատրությունը:
Ըստ էության՝ գաղտնի են պահել, որպեսզի խուսափեն հասարակական հնարավոր բացասական արձագանքից. ճիշտ է՝ասվում է, որ կոռուպցիա է՛լ չկա, բայց դե ի՞նչ երաշխիք, որ պնդումներին հավատացողներ իսկապես կգտնվեն:
Հիմա, փաստորեն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է իր նախարարներին ոչ մեկից հետ չթողնել. աշխատավարձերին կգումարնվեն գերբարձր պարգևավճարներն ու գործուղման գումարները, և բոլորն ականատես կդառնան «մարդավարի ապրող» նորհայաստանյան նախարարների գոյությանը: Ամեն ինչ օրենքով է. ոչ ոք կաշառք չի վերցնում, կոուպցիայի մեջ չի թաթախվում, ժողովրդի հետ էլ ազնիվ է. լավ ապրելու ցանկությունը մարդիկ ռեալիզացնում են անմիջապես ժողովրդի միջոցների՝ պետական բյուջեի հաշվին: Սրանից էլ լավ դեմոկրատիա՞:
Հեղափոխության օրերին, շատերը կհիշեն, մի առիթով Կառավարության շենքի մուտքի դուռը Նիկոլ Փաշինյանը հանրահռչակել էր մի ինչ-որ անհայտ կնոջ սեփականություն՝ քաղաքացու սեփականություն՝ «Հայաստանի վարչապետը դու ես» հայտնի տրամաբանությամբ:
Հիմա Կառավարության մուտքը գրեթե ամեն օր պաշարում են ժամանակին «վարչապետ» հռչակված քաղաքացիները՝ամեն մեկը մի խնդրով, մի դարդուցավով: Նրանց, սակայն, ոչ ոք թույլ չի տալիս հատել սահմանագիծն ու նախատեսվածից ավել մոտենալ մուտքի դռանը. իրավիճակ է փոխվել՝ ինչպես ասում են: Իրավիճակ իսկապես փոխվել է, հարցն էլ հենց այն է, թե ում համար՝ ինչպես: Նիկոլը ստացել է այն, ինչին այդքան ձգտում էր, իսկ քաղաքացիները ստացե՞լ են:
