Ախթալայում Արամյանցի դղյակը փլվում է, իսկ նախարարությունը դեռ մտածում է, թե ինչ անի

Ախթալայում գտնվող հայազգի մեծ բարերար Միքայել Արամյանցի դղյակն այսօր գրեթե անտերության է մատնված։
Այն կիսավեր վիճակում է ու շարունակում է փլվել, քանի որ պետությունը, համապատասխան մարմինները միջոցներ չեն ձեռնարկում՝ ամրացնելու, խնամելու, որպես մշակութային արժեք պահպանելու ուղղությամբ։ Թեպետ՝ ցանկանում են։ Արամյանցի կառուցած ինքնատիպ ճարտարապետությամբ դղյակը ժամանակին ընդամենը 1 մլն 250 հազար դրամով մասնավորեցվել է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի տնօրեն, հետագայում մանկապղծության համար դատապարտված, ապա հիվանդությունից բանտում մահացած Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից, նրան պատկանող ընկերության անունով։ Տեր-Պողոսյանի մահից հետո գույքն անցել է նրա կնոջը։ Վերջինս էլ, մեր տեղեկությամբ, այժմ քրեական հետապնդման մեջ է, իսկ սեփականության նկատմամբ իրավունքները փոխանցվել են փաստաբան Լուսինե Սահակյանին։ Դեռ երկու տարի առաջ Կարեն Կարապետյանի կառավարությունը շենքը հանրային գերակա շահ ճանաչելու որոշում է կայացրել, որպեսզի մասնավորից անցնի կառավարությանը, ու միջոցներ հատկացնեն շենքի նորոգման, ամրացման, հետագա ճակատագրի որոշման համար։ Բայց գործընթացը մնացել է կիսատ՝ հավանաբար, պայմանավորված իշխանության փոփոխությամբ։
Այսօր հարցի պատասխանատուն կրթության, գիտության սպորտի եւ մշակույթի նախարարությունն է, որը դեռ գործուն քայլեր չի ձեռնարկում խնդրի լուծման ուղղությամբ։ Նախարարի՝ մշակույթի գծով տեղակալ Նարինե Թուխիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Լուսինե Սահակյանն իր գործընկերոջ հետ ամռանը եկել է իր մոտ, քննարկել են հարցը՝ նշելով, որ հանրային գերակա շահ ճանաչելու պարտավորությունը պետք է պետությունը ստանձներ, պարզապես գործը չէր հասել գումարի փոխանցմանը։«Եվ ես ենթադրում եմ, որ այն ժամանակ էլ գնահատում չի իրականացվել, փորձաքննության չի ենթարկվել շենքը, տարածքը, որպեսզի հստակ գին հաշվարկվի, թե դա ինչ կարժենա։ Լուսինեենք որ եկան, ես իրենց էլ ասացի, որ գույքը պետք է փորձաքննության ենթարկվի, ու դա միայն մեկ շենք չէ, բացի շենք լինելը, այն նաեւ հուշարձան է, որն արժեքի վրա որոշակի փոփոխություններ է ենթադրում, տարածքը հսկայական է, եւ, ըստ իրավահաջորդների կամ ընտանիքի կողմից լիազորված անձանց, այնտեղ նախկին տերը բավականին մեծ ներդրում էր արել բուսականության առումով, դրսից հետաքրքիր բույսեր էր բերել եւ լանդշաֆտի դիզայն էր արել տարածքում»,- ասաց տիկին Թուխիկյանը։ Ըստ փոխնախարարի՝ միանշանակ է, որ պետությունը պետք է ստանձնի այդ հանձնառությունը՝ տեր կանգնել շինությանը, եւ ինքն այս հարցը ժամանակին ներկայացրել է Արայիկ Հարությունյանին։
«Այստեղ փորձաքննության խնդիրը կա, որովհետեւ դա էլ բավականին թանկ հաճույք է, բայց նույնիսկ հարցը դա չէ, հարցն այն է, որ փորձաքննություն իմաստ ունի անել այն դեպքում, երբ որ հստակ գիտես, որ տարվա մեջ պիտի այդ ձեռքբերումը կատարվի, որովհետեւ փորձաքննության տվյալները հնանում են»։
– Իսկ Լուսինե Սահակյանը որքա՞ն գումար է առաջարկում, որ վճարեք։
– Իրենք չեն առաջարկում, իրենք պարզապես մոտավոր ասացին, որ գուցե կարժենա 1-2 մլն դոլար, բայց էդպես բյուջեով մեկ միլիոնը մի թիվ է, երկու միլիոնը՝ ուրիշ։ Դրա համար այդ փորձաքննությունը շատ կարեւոր է։
– Իսկ եթե լինի հենց 1 կամ 2 միլիոն դոլար, պետությունը պատրա՞ստ է վճարել այդ գումարը, վերցնել շենքը, հետո նորոգել, պահպանել։
– Ես կարծում եմ, որ եթե արդեն պետությունը ստանձնել է պարտավորությունը՝ գերակա շահ ճանաչելու, եւ ճանաչել է իրականության մեջ, ու եթե շատ ճիշտ բիզնես-պլան արվի, ես կարծում եմ, որ որոշ դեպքերում ճիշտ է էլի պատվիրակել կառավարումը ոչ պետական սեկտորին, բայց շատ մեծ հսկողությամբ։ Եվ մենք այդպիսի փորձ ունենք, Արենի-1 քարանձավի կառավարումը տրված է մասնավոր հիմնադրամի, եւ շատ լավ կառավարում են, շատ մեծ արդյունքներ են գրանցել տուրիստական առումով։ Սա էլ, իհարկե, որ խորությամբ նայում ես հարցին, հասկանում ես, որ անգամ այդ 1-2 միլիոնը շատ ավելին վերադարձնելու է, որովհետեւ պոտենցիալ շատ մեծ է տարածքի․․․։
– Ամեն դեպքում, փաստն այն է, որ շինությունը փլվում է, ընդամենը մի տարեց մարդ է շենքը պահում, այն էլ՝ հայրենասիրությունից դրդված։ Հիմա դուք ի՞նչ եք պատրաստվում անել։
– Այո, ճիշտ եք, եւ սա միակ շինությունը չէ՝ Հայաստանում իրենից հուշարձանային, մշակութային, պատմական արժեք ներկայացնող, որը շատ վատ վիճակում է։ Այդպիսի շատ-շատ շենքեր ունենք՝ եկեղեցիներ եւ տարբեր շինություններ, որ շուտափույթ միջամտության կարիք ունեն։ Բայց, ցավոք սրտի, ամեն ինչին եւ շատ արագ չէ, որ պետության ձեռքը հասնում է։ Բայց այս հարցն օրակարգում է։
– Բայց հեղափոխության տրամաբանությունը նաեւ այսօրինակ խնդիրների օր առաջ լուծումն էր, հակառակ պարագայում ձեզ վաղը կարող են մեղադրել, որ շենքը փլուզվեց, իսկ նախարարությունը մատը մատին չխփեց։
– Մեղադրանքների առումով գիտեմ, որ պակաս չունենք այդ կոնտինգենտի, որոնք անվերջ աջ ու ձախ կարող են մեղադրանքներ հնչեցնել, նորմալ է, բայց ես էլի ասում եմ, որ սա օրակարգում գտնվող հարց է եւ սա միակ հարցը չէ, որ էդպես հրատապության կարգով լուծման կարիք ունի։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )