Ալեքսանդր Պետրակով․ Զարմացած չեմ այս արդյունքից, արժանի հաղթանակ տարանք
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը հետխաղային ասուլիսում մեկնաբանեց 4:2 հաշվով կամային հաղթանակը Ուելսի թիմի նկատմամբ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի արտագնա խաղում։
«Զարմացած չեմ այս արդյունքից։ Երեք օրից հանդիպում ունենք Լատվիայի հավաքականի հետ եւ եթե հիմա երկար տոնենք այս հաղթանակը եւ անհաջող խաղանք Լատվիայի դեմ՝ այս հաղթանակը ոչ մի արժեք չի ունենա։
Ռանոսը շատ լուրջ տղա է, հրաշալի մարդկային որակներ ունի, կարգապահ է, կարող է առաջադիմել եւ կատարելագործվել։ Նա ճիշտ ուղու վրա է։
Անցած տարվա համեմատ Ուելսի հավաքականում բացակայում էր միայն Գարեթ Բեյլը, գրեթե նույն թիմն էր։ Ոչինչ չի նվազեցնում այս հաղթանակի արժեքը։
Նպատակս Հայաստանի հավաքականի հետ որեւէ խոշոր մրցաշարի ուղեգիր նվաճելն է։
Լավ մարզական հավաք ենք անցկացրել։ Տարանք արժանի հաղթանակ։ Գրեթե բոլոր գործոններով կարողացանք գերազանցել մրցակցին»,- նշեց Պետրակովը։
Հունիսի 19-ին Երեւանում Հայաստանի թիմը կընդունի Լատվիայի թիմին։
Եվրո-2024, ընտրական մրցաշար, երրորդ տուր, D խումբ
Դենիել Ջեյմս, 10, Հարի Ուիլսոն, 72 – Լուկաս Սելարայան, 19, 75, Հրանտ-Լեոն Ռանոս, 30, 66
Հեռացում՝ Կիֆեր Մուռ (Ուելս), 78
Լատվիա – Թուրքիա՝ 2:3
Էդուարդ Էմսիս, 51, Կրիստերս Տոբերս, 90+4 – Աբդուլքերիմ Բարդաքչի, 23, Ջենգիզ Ունդեր, 61, Իրֆան Կահֆեջի, 90+5
Մրցաշարային դրություն․ Թուրքիա՝ 6 միավոր, Ուելս՝ 4, Խորվաթիա (2 խաղ,)` 4, Հայաստան (2 խաղ)՝ 3, Լատվիա՝ (2 խաղ)՝ 0:
