Ռոբերտ Քոչարյանի՝ Գյումրի ծաղկեպսակ ուղարկելը դարձել է ծեծի ու սպառնալիքի թեմա․ ԱԺ պատգամավորը դիմել է ոստիկանություն

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից երկրաշարժի զոհերի հիշատակին Գյումրի ծաղկեպսակ ուղարկելու մասին իր քննադատությունը դարձել է հաշիվ պարզելու, ծեծկռտուքի թեմա։ Քոչարյանին սատարողները ծեծի են ենթարկել իր ընկերոջը, նրա միջոցով սպառնացել են նաև իրեն։ Ըստ պատգամավորի, բանը հասել է նրան, որ պատգամավորը դիմել է ոստիկանություն։

ԱԺ պատգամավորը գրել է․ «Գրառում էի կատարել դեկտեմբերի 7-ին Քոչարյանի կողմից ուղարկած ծաղկեպսակի հետ կապված։ Երեկ` օրվա ընթացքում, Գյումրիում բնակվող Շեկո մականվամբ մեկը և Կարո անունով մյուսը, մի քանի անգամ փորձել են տարբեր ընկերներիս միջոցով հանդիպել ինձ հետ, թե բա «խոսելու բան կա»։ Հետո իմացել եմ, որ ուզել են ինձ ներկայացնել, թե իրականում իբր ծաղկեպսակը դողալով չեն տարել, բարձր գլխով են տարել և դուխները տեղը… Ինչևէ, հանդիպումների փորձին պատասխան եմ ուղարկել, որ կարող են հանդիպել քաղաքացիների հետ կազմակերպվող հանդիպման ֆորմատով՝ մեր գրասենյակում

Իրեն երևի չբավարարված զգալով՝ այսօր գիշեր ժամը 1-ի մոտակայքում Շեկո մականվամբ երիտասարդը (պատգամավորի խոսքն, ամենայն հավանականությամբ, գործարար Գարիկ Ուզունյանի մասին է, որի արագ սննդի կետում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները սկանդալ էին սարքել, հայհոյանքներ հնչեցրել՝ փնտրելով իրեն, Ա․Ն) երիտասարդն ու էլի մեկը, նախապես հետևելով ինձ ու ընկերոջս, սպասել են, որ նա ինձ տուն իջեցնի ու մնա մենակ, Գյումրու Անի թաղամասում մոտեցել են նրան։ Հարցրել են՝ Սարուխանյանը քո ի՞նչն է, ընկերս պատասխանել է՝ ընկերս է․ դրանից հետո սրանք սկսել են խփել ընկերոջս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Որպես վերջաբան էլ սպառնացել են, թե գնա ու Կարենին փոխանցիր, որ հաջորդն ինքն է լինելու… Բնականաբար, այս դեպքի հետ կապված կա տրված հաղորդում Գյումրու ոստիկանության «Մուշ»-ի բաժնում։ Բայց ի լրումն սրա ասեմ՝ հարգելի Շեկո ու նմանատիպ գոյացություններ, բախտներդ ուղղակի բերել է, որ կարգավիճակս, ցավոք․ թույլ չի տալիս ձեզ համարժեք պատասխան տալ։ Գործը պետք է քննվի օրենքի շրջանակում, ինչին, ակնկալում եմ, կհետևի համաչափ պատիժ»։ Պատգամավորն ավելի վաղ գրել էր․ «Այսօր հրապարակումներ եղան, որ երկրորդ նախագահը ծաղկեպսակ է ուղարկել երկրաշարժի զոհերի հիշատակին։ Ես չեմ տեսել, բայց պատկերացնում եմ այն մարդկանց դեմքերն ու մարմինների դողը՝ այդ պսակը տեղ հասցնելու ընթացքում… Չեմ ցանկանում ոչ մեկին, բայց սա Գյումրին է, սա Ձեր ցանած ու վարած պիցցայի արտերը չեն, տղերք, սա Գյումրին է, Գյումրեցին պատժել գիտե, Գյումրիում պարզճակատ քայլելու համար պետք է վաստակես, Գյումրու տարիների ցավը պետք է փաստերով կիսես, ոչ թե պսակով»։ Aravot.am-ը կապ հաստատեց Կարեն Սարուխանյանի ակնարկած անձանցից մեկի՝ Կարապետի հետ՝ փորձելով պարզաբանում ստանալ կատարված շուրջ։ «Գյումրիում կա 700 հատ Կարո, երևի մի 300 հատ էլ Շեկո, ո՞ւմ մասին է խոսքը, եթե Կարեն Սարուխանյանը հստակեցրեց, անուն-ազգանուն տվեց, համարժեք պատասխան կտանք»,- ասաց Կարապետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )