<<Արցունք չեմ թափել, բայց վիրավորված եմ>>. Ուկրաինայի ԱԳ նախարարը պատմել է Լավրովի հետ կապ հաստատել չկարողանալու մասին
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան վիրավորվել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովից այն բանի համար, որ վերջինս չի ցանկանում իր հետ կապ հաստատել ո՛չ երկկողմ, ո՛չ էլ նորմանդական ձևաչափով:
Այս մասին ուկրաինական դիվանագիտության ղեկավարը խոսել է դեկտեմբերի 17-ին «Новое время» ռադիոյին տված հարցազրույցում:
Նա տեղեկացրել է, որ Լավրովը չի պատասխանել իր զանգին և Դոնբասում իրավիճակի սրման շուրջ խոսելու խնդրանքին: Նրա կարծիքով, նախարարությունները պետք է ունենան կապի ուղիներ, և, իր կողմից, նա պատրաստ է զրուցել ռուս գործընկերոջ հետ:
«Իհարկե, ես արցունք չեմ թափել, բայց վիրավորված եմ, որ չկա շփում և խոսելու հնարավորություն», -ասել է Կուլեբան:
Նա ընդգծել է, որ միշտ պատրաստ է զրուցել Ռուսաստանի արտգործնախարարի հետ և կարծում է, որ իրենք քննարկելու շատ բան ունեն:
«Ես ոչ մի դեպքում հակառուս չեմ, ես 100 տոկոսով ուկրաինամետ եմ: Որպես նախարար, առավել ևս արտաքին գործերի նախարար, ես չեմ կարող ըստ սահմանման դեմ լինել որևէ երկրի: Քանի որ մենք պետք է այս կամ այն կերպ գործ ունենանք յուրաքանչյուր երկրի հետ: Ինչ-որ մեկի հետ` որպես ընկերոջ, մեկի հետ` որպես թշնամի, մեկի հետ՝ որպես ոչ հուսալի գործընկեր կամ հուսալի, բայց պետք է գործ ունենալ: Ուստի ես վճռականորեն մերժում եմ այն մեղադրանքները, որ ես հակառուս եմ»,- հավելել է ուկրաինացի նախարարը:
Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել, թե երբ է Կիևը փորձել հեռախոսով կապվել Մոսկվայի հետ: