Նիկոլ Փաշինյանի վիճակը Ղարաբաղյան հարցի առումով՝ աննախանձելի է

Ինչպես հայտնի է, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների Բրատիսլավայի հանդիպումից հետո պետք է տարածվեր այսպես կոչվապ «Հնգյակի» հայտարարությունը, որի մասին խոսել էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, սակայն տարածվածը չես համարի ոչ մի դեպքում այն, ինչի մասին ասում էր ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ «Հնգյակի» հայտարարության փոխարեն, արդեն հաջորդ տարեսկզբին սպասվում է նոր հանդիպում եւ կարելի է ենթադրել, որ տեղում որոշ, նաեւ՝ աշխարհաքաղաքական կոմպոնենտ ունեցող տարաձայնություններով պայմանավորված եւ Բրատիսլավայից հետո չտարածված այդ երկար սպասված հայտարարությունը, այնուամենայնից կլինի հունվարի սկզբին։
Սրան զուգահեռ, արդեն ունենք այն դիրքորոշումը, որը պաշտպանելու է Բաքուն եւ կարելի է միայն ասել, որ նման առավելապաշտականության պայմաններում բանակցություններ ասվածը արդեն ժամանակի անիմաստ վատնում է։ Այս օրերին հայտնի դարձավ նաեւ, որ հաջորդ տարվա փետրվարի առաջին տասնօրյակում Ադրբեջանում կկայանան նոր պառլամենտական ընտրություններ, ինչը կնշանակի, որ արդեն փետրվարի վերջ Ադրբեջանում սկսված յուրօրինակ «արեւելյան թավշյա իշխանափոխությունը» որոշակի միս ու արյուն առած կլինի։ Սա ինչ խոսք Հայաստանի համար վտանգավոր իրավիճակ է ստեղծում։ Միանգամից արձանագրենք՝ Նիկոլ Փաշինյանի վիճակը այժմ առավել քան երբեւէ ծանր է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների առումով։
Հասկանալի է, որ ուշ թե շուտ, իսկ գուցե նաեւ արդեն հաջորդ տարվա հունվարին, նրան նստեցնելու են նույն սեղանի շուրջ Ալիեւի հետ՝ ստորագրելու մի փաստաթուղթ, որը արդեն այժմ կարելի է ասել, չի կարելի համարել հայանպաստ, նույնիսկ հայկական կողմի «պլան մինիմումի» հաշվառումով։ Նման թղթի տակ ստորագրություն դնելը Փաշինյանի համար ահռելի պատասխանատվություն է եւ նույնիսկ «զոմբիստանի» ֆեյքային բանակները նրան փրկել չեն կարողանա։ Խուսափել չի կարող, իսկ հրաժարվելը ուղիղ ճանապարհ է դեպի պատերազմ։
Որքան էլ տարօրինակ կարող է հնչել, սակայն պատերազմը, ասենք Ապրիլյան-2-ի տեսքով, այս փուլում ձեռնտու է Բաքվի համար։ Ներքաղաքական անցման, սոցիալ-տնտեսական կուտակված ահռելի խնդիրների, դրանով պայմանավորված առաջացած ներադրբեջանական հանրային տրամադրությունների լարման պարպման ու հազար ու մի այլ պատճառներով։ 16-ի ապրիլյանի ժամանակ տեսանք, թե 800 հեկտարը ինչպես կապիտալիզացվեց ու ներկայացվեց որպես հաղթանակ, եւ դրանով կերակրեց իշխող կլանը ժողովրդին՝ նրան այդ այսպես ասած հաղթանակի էյֆորիկ հիստերիայի մեջ նետելով։
Նոր պատերազմի դեպքում թեկուզ մեկ տնամերձի չափ հողի գրավումը կրկին նման առիթի կծառայեցվի, զուգորդված նախընտրական տրամադրություններով եւ էլ ավելի ապահովագրված կերպով կամբողջականանա իշխանության փոխանցումը իշխող կլանի մեկ ղեկավարից մյուսին։ Այսինքն, թե՝ եթե Նիկոլ Փաշինյանին ամեն դեպքում դնեն որոշակի անելանելի վիճակի մեջ փաստաթղթի ստորագրման հետ կապված եւ ինքը հրաժարվի հունվարյան հանդիպմանը, ապա ամենեւին չի բացառվում, որ մինչեւ Ադրբեջանում պառլամենտական ընտրություններ որեւէ ռազմական սադրանք, արկածախնդրություն ձեռնարկի, իսկ սա իր հերթին արդեն իրավիճակը լրիվ այլ հունով կարող է տանել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )