Մոնոկլը, պենսնեն, լոռնետը` անցած դարաշրջանի ուրվականներ
Պարզապես աներևակայելի է, թե մարդն իր կյանքը հեշտացնելու համար ինչքան օգտակար բաներ է հորինել: Ակնոցը այդպիսի գյուտերից մեկն է; Ժամանակակից սերնդի համար անասելի օգտակար և պարզապես անհրաժեշտ այդ պիտույքը թույլ է տալիս մարդուն կարգավորել տեսողությունը` ուղղելով բնության սխալները. չէ որ նա էլ կատարյալ չէ:
Եթե հայացք նետենք անցյալին, հատկապես 19-րդ դարի առաջին կեսին, ապա ակնոցի ծագումը կարող է բավականին հետաքրքիր և գրավիչ թվալ: Իհարկե, այն հեռավոր ժամանակներում տեսողությունը չէին կարգավորում ժամանակակից ակնոցների օգնությամբ. այդ դարաշրջանի օպտիկայի աշխարհը, որը ցուցադրվում է տարբեր թանգարաններում, պատկերասրահներում, ցուցահանդեսներում և ռետրո-խանութներում, զգալիորեն տարբերվում է այսօրվանից: 19-րդ դարում հայտնի էին այնպիսի օպտիկական պիտույքներ, ինչպիսիք էին մոնոկլը, պենսնեն, լոռնետը:
Լոռնետ
Լոռնետը 19-րդ դարի յուրաքանչյուր հայտնի արիստոկրատի անփոխարինելի ատրիբուտն է եղել: Այն ստեղծվել է դեռևս 1780 թվականին, բայց իր հանրաճանաչության գագաթնակետին է հասել միայն 19-րդ դարում: Լոռնետը իրար միացող հատուկ բռնատեղով կլոր ոսպնյակների զույգ է:
1911թվականին օպտիկա արտադրող գերմանական Rodenstock ընկերությունը ուներ լոռնետի տարբեր մոդելների մոտ 30 նմուշակազմ:
Լոռնետը ոչ միայն լավացնում էր տեսողությունը, այլ կրողին տալիս էր նրբինություն և որոշակի նրբաճաշակություն: Դրա համար էլ զարմանալի չէ, որ մեծ համբավ ունեցող այդ պիտույքը գործածում էին գեղեցիկ սեռի ներկայացուցիչները: 19-րդ դարի լոռնետը ինչ-որ չափով համարվում էր նաև ոսկերչական իր, որովհետև հաճախ պատրաստվում էր փղոսկրից և զարդարվում թանկարժեք քարերով ու մետաղներով; Այն գեղեցիկ, հաճելի զարդարանք էր կնոջ ձեռքին: 19-ր դարի տիկնանց միշտ «ուղեկցում էր» լոռնետը, մանավանդ թատրոն կամ օպերա հաճախելիս; Նրա օգնությամբ կինը կարողանում էր ընդգծել իր շարժումների նրբագեղությունը և կապը բարձր խավի հետ:
Հարկ է նշել, որ լոռնետի կիրառությունը աշխարհիկ հավաքույթներում իսկական արվեստ էր, իսկ 19-րդ դարի յուրաքանչյուր աղջիկ գիտեր լոռնետի գործածության եղանակ, որի օգնությամբ հնարավորություն ուներ երկրպագուին նշան տալ: Շատ չանցած առօրյայում հայտնվեցին ծալովի նմուշօրինակներ` գեղեցիկ շղթաներով կամ ժապավեններով, որոնք տիկնայք կրեցին մինչև 20-րդ դարի կեսերը: Նույնիսկ արևային և տեսողությունը շտկող ժամանակակից ակնոցների հայտնվելուց հետո էլ լոռնետները չկորցրին իրենց հանրաճանաչությունը և արժանի տեղ էին գրավում աշխարհիկ կյանքում` մնալով որպես նորաոճ և արդիական պիտույք` մինչև անգամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:
Մոնոկլ
Մինչ բարձր դասի տիկնայք զվարճանում էին լոռնետներով, 19-րդ դարի տղամարդիկ նախապատվությունը տալիս էին մոնոկլին: Այս օպտիկական պիտույքը ոչ մեծ կլոր ոսպնյակ է շղթայիկով, որը իր փոքրիկ չափի շնորհիվ գերազանց նստում է ակնախոռոչում:
Եթե կինը մոնոկլ էր կրում, դա հասարակության մոտ զայրույթ էր առաջացնում և ընկալվում էր որպես մարտակոչ ընդդեմ հասարակության պայմանականություններին: Իր համարձակությամբ հայտնի ժորժ Սանդը, մոնոկլը դնելով աչքին, այն ուղղում է տղամարդուն`դրանով շփոթեցնելով ու գայթակղելով նրան:
19-րդ դարում մոնոկլը համարվում էր շքեղություն և խոսում էր այն կրողի բարեկեցության և հասարակական դիրքի մասին: Այդ պիտույքը պահվում էր ակնախոռոչում հատուկ միմիկայի շնորհիվ: Հարկ է նշել, որ մոնոկլ կրելը իսկական արվեստ էր, քանի որ այդ առարկան չունի ոչ մի բռնիչ ու բռնակ: Այդ պատճառով էլ, տուրք տալով նորաձևությանը, տղամարդիկ ստիպված էին լինում զսպել իրենց հույզերն ու կաշկանդել միմիկան, որպեսզի հանկարծ մոնոկլը չընկնի:
20-րդ դարի սկզբներին մոնոկլը թեթևակի կորցրեց իր էլիտարությունը ու դարձավ ինքնավստահ ու էլեգանտ տղամարդու ատրիբուտ: Մոնոկլը հայտնի էր ինչպես տեսողության խնդիր ունեցող մարդկանց , այնպես էլ բացարձակապես առողջ մարդկանց շրջանում:
Պենսնե
Պենսնե կրելը 19-րդ դարում միայն հայտնի մարդկանց մենաշնորհն էր:: Պենսնեն գործնականում ժամանակակից ակնոցի «նախահայրն է», իրենից ներկայացնում էր երկու ոսպնյակ շրջանակով` առանց բռնիչի և բռնակի, բայց քթարմատի վրա փոքր լծաղեղով:
19-րդ դարում այն պատրաստում էին կրիայի պատյանից, կաուչուկից և պողպատից: Օպտիկական այս պիտույքը ունի հատուկ շղթայիկ կամ քորոց, որոնց օգնությամբ պենսնեն ամրացնում են հագուստին կամ այն պետք չլինելու դեպքում` թաքցնում: Այդ ակնոցը տիրոջը դարձնում է պերճաշուք և կարևոր, բոլոր մեծ մարդիկ իրենց պարտքն էին համարում պենսնե օգտագործել:
Հարկ է ընդգծել, որ դրանք հայտնի էին ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում, վերջիններիս համար թողարկում էին ավելի նուրբ նմուշներ:
Նման պահանջարկի հետ կապված` պենսնեի նմուշակազմը բավականին բազմազան ու հարուստ էր:
Այդ ակնոցի ընտրության հարցում անհրաժեշտ էր հատուկ մանրազննություն. չէ՞ որ միայն ոսպնյակների ճիշտ ընտրության դեպքում կարելի էր «վաստակել» քթի խրոնիկ հիվանդություն: Այդ իսկ պատճառով սկսեցին հատուկ ուշադրություն դարձնել լծաղեղների ձևերին: