Մի իրի պատմություն. վերելակ
Հսկայական թվով մարդիկ այսօր բնակվում են բազմահարկ շենքերում և ամեն օր օգտվում են վերելակից: Առանց դրա կյանքը, ասենք` տասներորդ հարկում, դժվար թե հարմարավետ լիներ:
Վերելակի գյուտի պատմությունը սկսվում է հին ժամանակներից: Որոշ պատմաբաններ կարծում են, որ մարդկանց բարձրացնող սարքերը գոյություն ունեին դեռ Հին Հռոմում: Մյուսները ենթադրում են, որ առաջին բարձրացնող մեխանիզմը հայտնվել է Եգիպտոսում՝ Սինայի վանքում: Սրանք բոլորը ենթադրություններ են:
Այնուամենայնիվ, որոշակիորեն հայտնի է, որ Վերսալում՝ Լյուդովիկոս XV-ի պալատում, 1743 թվականին տեղադրվել է վերելակ:
18-րդ դարի վերջին Կուլիբինը հնարեց «բարձրացնող աթոռները», որոնք օգտագործվում էին Պետերբուրգում՝ Ձմեռային պալատում: Իհարկե, նշված բոլոր վերամբարձ սարքերը շարժման մեջ էին դրվում մարդկանց կամ կենդանիների ֆիզիկական ուժով: Իրավիճակը փոխվեց շոգեշարժիչի գյուտից հետո, այն սկսեցին կիրառել ամբարձիչ մեխանիզմներում:
Ժամանակակից բոլոր վերելակների պարտադիր տարրը ավտոմատ բռնակն է, որը կանգնեցնում է վերելակը` ճոպանի չդիմակայելու և կտրվելու դեպքում: Բարձրացվող շարժակների մեջ ավտոմատ բռնակն օգտագործելու գաղափարը ամերիկացի Էլիշա Գրավես Օտիսինն է: Որպես մահճակալ արտադրող կահույքի գործարանի աշխատող` նա պատվերով պատրաստել էր սարք, որը տախտակները բարձրացնում էր երկրորդ հարկ: Ինքը` Օտիսը, իր գյուտն անվանել էր «անվտանգ վերելակ»: Հետագայում նա ստեղծեց իր սեփական արտադրամասը, որն արտադրում էր նման ամբարձիչ մեխանիզմներ:
Մի քանի տարի անց Օտիսը իր գյուտը փոխակերպեց ուղևորափոխադրիչ վերելակի, որը 1857թ. տեղադրվեց «Բրոդվեյ» առևտրի կենտրոնի հինգ հարկանի շենքում: Վերելակը բարձրանում էր 0.2 մ/վ արագությամբ և նախատեսված էր հինգ անձի համար: Օտիսը իր վերելակներում օգտագործում էր շոգեշարժիչներ:
Սակայն երկու տարի անց՝ 1859թ. Օտիս ընկերությունը հյուրանոցում տեղադրեց իր առաջին պտուտակային վերելակը: Վերելակը կատարելագործվել է 1867թ. Փարիզում հիդրավլիկ վերելակի ստեղծմամբ:
Էլեկտրական վերելակները հայտնվեցին 1880 թվականին Գերմանիայում: «Սիմենս և Հալսկե» ընկերությունը սկսեց արտադրել վերելակներ, որոնք կարող էին բարձրանալ 22 մետր բարձրությունը ընդամենը 11 վայրկյանում: