Մի իրի պատմություն. սփռոց
Առաջին սփռոցները օգտագործել են դեռևս հին Եգիպտոսում։ Այդ ժամանակաշրջանում եգիպտացիներն արդեն լավ տիրապետում էին բամբակից և վուշից բարակ կտորների արտադրությանը։ Մեզ հասած եգիպտական կտավի օրինակները թույլ են տալիս վստահորեն ասել, որ այդ ժամանակաշրջանում արտադրված կտորը եղել է բավականին բարակ, և դրա վրա առկա էին ծաղկային ասեղնագործության տարրեր ։
Սփռոցները կենցաղում օգտագործում էին դեռևս վաղ ժամանակներից։ Առօրյա գործածության այս իրը արտացոլում է հնագույն ժողովուրդների պատմությունը, մշակույթն ու ավանդույթները։ Սփռոցները համարվում էին բարեկեցության և ունևորության նշան։
Չծածկված սեղանի շուրջ նստում էին միայն ստրուկներն ու բնակչության ամենաաղքատ խավերը։ Ոսկյա թելերով գործված թանկարժեք սփռոցները արտադրվում էին Պարսկաստանում, Հրեաստանում, Հին Հռոմում և Հին Հունաստանում։ Միջերկրածովյան երկրներում սեղանը սփռոցներով ծածկում էին դեռևս մ.թ.ա։ Դրանք պատրաստում էին բամբակից և վուշից։ Հին հույների և հռոմեացիների մշակութային ավանդույթները իրենց շարունակությունը գտան 395-1453 թթ. արդեն գոյություն ունեցող Բյուզանդական կայսրությունում։ Կենցաղում նրանք ակտիվորեն օգտագործում էին ամանեղեն և սփռոցներ։
Այս կենցաղային իրերը հայտնվել են Ռուսաստանում ավելի վաղ, քան արևմտյան Եվրոպայում, քանի որ ռուսները ընդօրինակել են բյուզանդական կացութաձը, ինչին նպաստել են զարգացած քաղաքական, առևտրային, մշակութային և ռազմական հարաբերությունները։
Ռուսաստանում ջուլհակության զարգացումը հանգեցրեց նրան, որ սփռոցներն ու սրբիչները դարձան հասանելի ոչ միայն բնակչության բարձր խավին, այլև հասարակ մարդկանց։ Սփռոցն այդ ժամանակաշրջանում ավելի հաճախ անվանում էին սեղանածածկ, սակայն այդ երկու անվանումներն էլ գործածության մեջ էին կենցաղում։ Սկզբում սփռոցներն օգտագործվում էին իրենց իսկ նպատակով, սակայն հետագայում դարձան ինտերիերի առարկա:
Մինչև 15-րդ դարը ընդունված չէր սեղանը ծածկել սփռոցով զուտ գեղեցկության նպատակով, դա արվում էր բացառապես ընթրիքից առաջ։ Սակայն, Վերածննդի դարաշրջանի սկզբից սեղանները սկսեցին ծածկել գեղեցիկ կտորներով, որոնք համապատասխանում էին ինտերիերին ։
Հենց հատուկ այդ նպատակով էլ արևելքից բերվում էին դիպակ, թավիշ, մետաքս։ Սակայն 18-րդ դարից մինչև 15-րդ դարի կեսերին, երբ ինտերիերում գերակայում էր դասական ոճը, դեկորատիվ սփռոցները գործնականում չէին օգտագործվում։ Մանածագործությունը հատուկ զարգացում ստացավ Հոլանդիայում։ Եվրոպական երկրներում սփռոցի համար նախատեսված կտորը սկսեցին օգտագործել կաթոլիկ եկեղեցու ծիսակատարությունների ժամանակ։ 18-19-րդ դարերում նորաձև դարձան սպիտակ սփռոցները, առանց որոնց տեղի չէր ունենում ոչ մի ճաշկերույթ։ 19-րդ դարի կեսերից մարդիկ կրկին վերադարձան դեկորատիվ սփռոցների և անձեռոցիկների օգտագործմանը։ Ինտերիերում համեստ ձևերի փոխարեն օգտագործում էին ժանյակներով և ասեղնագործ սփռոցները։
Նորաձև էին դառնում հարթակարով ասեղնագործ, ինչպես նաև սպիտակ և գունավոր թելերով հելունագործ սփռոցները։ Գործնականորեն ցանկացած տան մեջ կարելի էր տեսնել բազում բարձեր, օթոցներ, որոնք ներդաշնակորեն համադրվում էին երկար, մինչև հատակը հասնող սփռոցների հետ։
Ժամանակակից արտադրողները սպառողներին առաջարկում են սփռոցների մեծ ընտրանի։ Դրանք տարբերվում են իրենց չափսերով, գույներով, նախշերով, որակով և կարող են բավարարել ցանկացած տանտիրուհու ճաշակ։ Սակայն, ինչպես և նախկինում, առավել արժեքավոր են բամբակե և վուշե սփռոցները։ Արտադրողները հաճախ բնական մանրաթելերի հետ օգտագործում են արհեստականը, ինչի շնորհիվ կտորն ավելի քիչ է ճմռթվում։ Շատ հաճախ հանդիսավոր առիթների համար օգտագործում են սպիտակ սփռոցներ։ Տանտիրուհու համար հատկապես նախընտրելի են ծաղկավոր սփռոցները` փայլուն և մեծ նախշերով ։