Մի իրի պատմություն. շամպուն

Շամպունը մազերը լվանալու ամենատարածված միջոցն է: Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Առաջին շամպունը ստեղծվել է 19-րդ դարում Անգլիայում: Նախքան շամպունի գյուտը` մարդիկ իրենց մազերը լվանում էին մոխրով կամ օճառով, բայց դրանից հետո մազերի վրա բաց գույնի փառ էր գոյանում: Ազնվական մարդիկ իրենց մազերը լվանում էին թանկարժեք յուղերով:
Շամպունի պատմությանը սկիզբ դրեց անգլիացի Կեյսի Հերբերտը: Նա խոտաբույսերը խառնեց օճառի փոշու հետ և այդ խառնուրդը անվանեց “Shaempoo”: Կեյսի Հերբերտը հարուստ մարդ չէր և չէր էլ մտածում, որ իրեն կհաջողվի արտոնագրել իր գյուտը: Նա իր արտադրած շամպունը վաճառում էր իր տնից ոչ այնքան հեռու` փողոցում: Նրա գաղափարը շատերին դուր եկավ, և շուտով խորամանկ դեղագործներն ու վարսահարդարները կրկնեցին այդ հեշտ բաղադրատոմսը:
Փոքր փաթեթներով շամպուն սկսեցին վաճառել ամեն անկյունում:
Որոշ ժամանակ անց` այդ շամպունի մասին իմացան Գերմանիայում: Այնտեղ նույնպես մարդիկ իրենց գլուխները լվանում էին օճառով ու մոխրով, բայց մազերի վրա նստած փառից ազատվելու համար օգտագործում էին բենզին կամ քացախ: Գերմանիայում շամպունը նման էր իսկականին:
Այն մշակելով կատարելագործեց բեռլինցի դեղագործ Հանս Շվարցկոպֆը: Մի անգամ հաճախորդներից մեկը նրան պատմեց փոքր փաթեթներով մազեր լվանալու այդ զարմանալի միջոցի մասին, որը գնել էր Անգլիայում: Շվարցկոպֆը քիմիկոս էր, և նմանօրինակ շամպուն ստեղծելը իր համար դժվար չէր:
Սկզբում նա հնարեց այդ նույն փոշու նմանատիպը և սկսեց վաճառել: Սակայն Հանսը ավելի խորամանկ էր, քան անգլիացին, և իր ազգանունով ստեղծեց “Swarzkopf” ապրանքանիշը, որն, ի դեպ, թարգմանվում է որպես «սև գլուխ», ու հորինեց նմանօրինակ տարբերանշան: Միևնույն ժամանակ նա արտոնագրեց իր շամպունը:
Որոշ ժամանակ անց Շվարցկոպֆը ստեղծեց սեփական ընկերությունը, որն զբաղվում էր շամպունի արտադրությամբ: Բաղադրատոմսը մշտապես փոփոխվում էր և մշակվում, ավելացվում էին ծաղիկներ և խոտաբույսեր: Այն ժամանակ հիմնականում կար ութ տեսակ շամպուն: Շամպունը օգտագործելուց հետո մազերը դառնում էին բուրավետ և առողջ տեսք էին ունենում:
Հեղուկ շամպունի արտադրությունը սկսվել է 1927 թվականից Հանս Շվարցկոպֆի որդու կողմից, այդ ժամանակ հայրն արդեն մահացած էր:
Այժմ մազերի խնամքի մեծ քանակությամբ միջոցներ կան, և տարեցտարի դրանց թիվը աճում է: Երևան են եկել խոնավացնող, վերականգնող, գունափոխող շամպուններ տարբեր մազերի համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )