Հայ ժողովուրդը չունի՞ մշակույթ, որ պետք է Բրեգովիչի կիսագնչուական երգերի տակ Նոր տարի անի
Հանրահայտ երաժիշտ եւ երգահան Գորան Բրեգովիչը Ամանորի գիշերը՝ դեկտեմբերի 31-ին համերգով հանդես կգա Հանրապետության հրապարակում:
Կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կարծիքով, Բրեգովիչին հրավիրելու քայլը պետք է վիրավորական լինի ցանկացած մարդու համար, ում մեջ մի գրամ հայի արյուն է մնացել․ «Կոմիտասի ու Խաչատրյանի ժողովուրդը չունի՞ իր մշակույթը, 6 հազար տարվա ազգը չունի՞ իր ծեսերի կարգը, պարը, երաժշտությունը, երգը, ծեսը, որ այդ գլխավոր տոնին, որը ծիսական տոն է համարվում, պետությունը որոշել է Բրեգովիչի կիսագնչուական երաժշտության տակ Նոր տարի անել, որը ոչ սերբական ֆոլկլոր է, ոչ՝ գնչուական։ Բրեգովիչի փոխարեն ով ուզում է լիներ, թեկուզ Մայքլ Ջեքսոնը գերեզմանից հարություն առներ ու ասեր՝ գալիս եմ Հայաստան, ուրեմն մենք մեր Նոր տարին կամ Զատիկը, Վարդավառը իրանց երգերի ներքո՞ պետք է անենք, բա՞ ասում ենք՝ հին ժողովուրդ ենք մեր ծեսերով, երգ ու երաժշտությամբ։ Փաստորեն Կոմիտասի 150- ամյակը եզրափակվում է Բրեգովիչով»։
Այն, որ Կոմիտասի տակ գուցե դժվար է երգել, պարել, ուրախանալ, Շահնազարյանն ասաց․ «Ո՞վ է ասել, Կոմիտասը 1500 երգ ունի, որից 1200-ը ընդհանրապես երբեք չի հնչել, որոնց մեջ՝ ուրախ պարերգեր, նոր տարվա երգեր, պարեր։ Կոմիտասը՝ աշխույժ, առույգ, ուրախ, հզոր երաժշտություն է։ Այս ժողովուրդը Կոմիտասից ինչքանո՞վ է տեղյակ, կամ ի՞նչ են ասել, որ տեղյակ լինի։ Եթե Կոմիտասի 150-ամյակը այսպես խայտառակ նշեն, բա ի՞նչ պետք է լիներ։ Կոմիտաս ասելով մենք նախեւառաջ հասկանում ենք հայ ժողովրդի մշակույթը, ուրեմն հայ ժողովուրդը չունի՞ իր ուրախ, տոնական ծեսը, երգը, պարը, որի տակ նշի իր տոնը։ Ունենք, ուղղակի արհամարված է եւ ամաչում են իրենց մշակույթից, բայց գնում են դուրս ու սկսում են մեծ-մեծ խոսել։ Այդ դեպքում, ինչո՞ւ եք հազարավոր դոլարներ ծախսում եւ Կոմիտասի մշակույթը տանում եվրոպացուն ցույց տալիս, երբ մեր սահամանամերձ գյուղերը մուղամի տակ են մեծանում»։ Կոմիտասագետն անդրադարձավ նաեւ Բրեգովիչի հոնորարին, որը կազմում է մոտ 60 հազար եվրո․ «Եթե մի ազգ ինքնասիրություն ունենա, կհասկանա, որ այսպիսի խայտառակություն չի կարելի անել, դա այնքան գումար է կազմում, ինչքան 61թ-ից մինչեւ այսօր հրատարակվել է Կոմիտասի ողջ ժառանգությունը։ Ընդորում դրա մի մասը տվել է Գյուլբենկյան հիմնադրամը, իսկ մյուս մասը՝ Վաչե Պարսումյանը, այսինքն պետությունը չի տվել, ասել է՝ չունեք, բայց այդ գումարից ավել՝ 2 ժամվա համար, տալիս է Բրեգովիչին, բա սա վիրավորական չէ՞։ Ես ուզում էի բաց նամակ ուղարկել Բրեգովիչին՝ խնդրելով, որ մեզ լավություն ունի, հարգի մեր ժողովրդին եւ չգա Հայաստան համերգով։ Այն հայը, որ այսօր չի ուզում իր ավանդական երաժշտությամբ ու պարով դիմավորի Նոր տարին, թող գնա գլուխը պատով տա ու եթե տանը Անդրանիկ Օզանյանի նկար ունի՝ թող դա էլ պատից իջացնի։ Ես կոչ եմ անում մեր ժողովրդին, չգնալ այդ համերգին, եթե ինքնասիրություն ունի»։
Այն, որ ժողովուրդը, լավ էլ անհամբերությամբ սպասում է այդ համերգին, Շահնազարյանը նկատեց․ «Հիմա մենք մեր ժողովրդին պե՞տք է դաստիարակենք՝ այն, ինչ Կոմիտասն էր ուզում, թե՞ պետք է ավելի ցածրացնենք։ Եթե ուզում եք, որ ավելի շատ ժողովուրդ գա, բերեք թուրքերեն լեզվով մուղամ միացրեք ու կտեսնեք, թե ինչ կկատարվի, ահա թե ուր են հասցրել այս ժողովրդին։ Աննա Հակոբյանը իզուր է Մեհրիբան Ալիեւային հրավիրում Արցախ՝ մուղամ լսելու, թող հրավիրի Երեւան ու նստացնի ցանկացած տաքսի»,-ասում է նա ու նկատում, որ բացի Բրեգովիչի հոնորարից, նույնիսկ դրանից ավելի հատկացվել է ամանորյա ինչ- որ մյուզիքլի եւ էստրադային աստղերի համար․ «Նախ, ո՞վ է այդ մյուզիքլը գրել, կոմպոզիտորների միությունը տեղյակ է դրանից, թե ի՞նչ մակարդակի մյուզիքլ է, հետո Հայաստանում աստղ չկա, այդ հեքիաթները թող մի կողմ թողնեն, չգիտեմ ում ծանոթությամբ աստղ սարքած, ձայն չունեցող, լուծողական խմած երգիչներին բերելու են նորից մեր գլխի՞ն կապեն։ Պետությունն այսպե՞ս է մշակութային քաղաքականություն տանում։ Գտեք աշխարհում մի պետություն, որը հովանավորում է էստրադային երաժշտությունը, Հայաստանից բացի։ Պետությունը, սովորաբար հովանավորում է իր ազգային մշակույթը, իսկ շոու բիզնեսի հարցերը պետության հետ կապ չունեն»։
Արթուր Շահնազարյանն անդրադարձավ նաեւ ամիսներ առաջ կազմակերպված «Ուրվական» փառատոնին․ «Աննա Հակոբյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ «Ուրվական» փառատոնին հատկացվել է 100 մլն․ դրամ, ես մի քանի անգամ պահանջել եմ, որ հրապարակվի դրա նախահաշիվը, բայց մինչ օրս չի հրապարակվել։ Այդ փառատոնի ընթացքում՝ Պրոսպեկտի թունելներում լույսեր էին դրել, դիջեյները ձայնագրած էլեկտրոնային երաժշտություն էին միացրել, մեկ էլ վիսկի էին բաժանել, այս ամենը 5 հազար դոլարից չէր կարող անցնել, իսկ ո՞ւր է մնացած գումարը։ Այդ փառատոնի ֆինանսավորումն էլ կազմում է Կոմիտասի ժառանգության հրատարակության 3 անգամ ավել չափը»։