Խայտառակ փաստաթուղթ ստորագրելուց հետո իրեն վարչապետ համարողի համար 1-ին բանը մեր կորցրած հայրենիքը չէր, մեր անհետ կորածները չէին, նա գանգատվում էր, որ հափշտակել են ժամացույց ու օծանելիք․ Ա․ Սաղաթելյան

Քաղաքացիների անհնազանդության ակցիաները շարունակվում են մայրաքաղաքի տարբեր հատվածներում: Ազգային անվտանգության ծառայության դիմաց քաղաքացիները օծանելիքներ և ժամացույցներ դրեցին: Հասարակական-քաղաքական գործիչ Արման Սաղաթելյանը մեկնաբանեց, որ օծանելիք և ժամացույց են դնում ԱԱԾ-ի դիմաց, քանի որ Նիկոլ Փաշինյանի կեցավայրից անհետացած օծանելիքի և ժամացույցի գործը քննվում է ԱԱԾ-ում:

«Խայտառակ կապիտուլյացիոն փաստաթուղթ ստորագրելուց հետո, նա, ով իրեն համարում է վարչապետ, առաջին բանը մեր կորցրած հայրենիքը չէր, որի մեղավորը ինքն էր, անհետ կորած մեր եղբայրները չէին, նա գանգատվում էր, որ իրենից հափշտակել են իր ժամացույցը և օծանելիքը: Մենք բերեցինք ԱԱԾ-ի դիմաց, քանի որ գործը քննվում է ԱԱԾ-ում: Տարօրինակ է, որ այս շենքը այդ անունը կրում է, քանի որ մեծ հարց է՝ որ ազգի անվտանգության մասին է խոսքը՝ այն, որ ադրբեջանցի զինվորները մեր հայրենակիցներին մորթում ու գլխատո՞ւմ են ու տեսանյութը դնում համացանց՝ ի ցույց դնելով, որ այս ժողովուրդն այլևս անտեր է, կբռնենք ու կմորթենք, դուք չունեք երկիր ու իշխանություն: Այն ազգի մասին է խոսքը, որի գյուղապետն է  բանակցո՞ւմ սահմանների վերաբերյալ թշնամական զորքի հետ»,- նշեց նա:

Հարցին, թե իրավապահները տարբեր քաղաքական գործիչների են հրավիրում հանրահավաքներից առաջ, Սաղաթելյանը պատասխանեց, որ դա զարմանալի չէ, երկուսուկես տարի ԱԱԾ-ն զբաղված էր ոչ թե ժողովրդի և երկրի անվտանգությամբ, այլ զբաղված էր իշխանության անվտանգությամբ և իշխանությանը ոչ հաճելի մարդկանց մեկուսացմամբ:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին՝ Արման Սաղաթելյանը նշեց. «Ես անձամբ որևէ առումով լավատես չեմ՝ իր վիճակը սթափ գնահատելով և ադեկվատ գործելու առումով և ասել եմ, որ նա որդեգրելու է նույն սկզբունքը, ինչ պատերազմի ժամանակ և ամեն մի օր նա գուցե համաձայն կլինի երեկվա հնչեցրած առաջարկին, և լինելու է ուշ։ Դա շարունակելու  է այնքան ժամանակ, մինչև իր ոհմակը և իր իշխանությունը վերջնական տապալման, կապիտուլյացիայի բերեն երկիրը»,- ասաց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )