Ինչու ՀՅԴ-ն մերժեց Վիտալի Բալասանյանին և Մասիս Մայիլյանին

Հանգստյան օրերն անհանգիստ էին Արցախի ՀՅԴ-ի համար։ Կուսակցությունը շրջանային ժողով էր հրավիրել եւ բուռն քննարկումների արդյունքում որոշեց եկող տարվա համապետական ընտրություններին իր մասնակցության հարցը։ Այսպիսով, ինչպեսեւ գրել էինք, ՀՅԴ-ն սեփական թեկնածուով կմասնակցի 2020 թվականի նախագահական ընտրություններին։ Թեեւ օգոստոսից խորհրդակցությունների շարք էին նախաձեռնել՝ սկզբում կուսակցությունների, հետո՝ նախագահի հավանական թեկնածուների հետ՝ միասնական օրակարգով ընտրություններին մասնակցելու նպատակով, բայց բանակցություններն անպտուղ են անցել, եւ ՀՅԴ-ն միայնակ մասնակցելու որոշում կայացրեց։ Թե ինչու, մեր ոչ պաշտոնական աղբյուրները հետաքրքիր նյուանսներ են բացահայտում։
Մասնավորապես, ՀՅԴ-ի հետ սեփական նախաձեռնությամբ հանդիպում են կազմակերպել նախագահացուներ Վիտալի Բալասանյանն ու Մասիս Մայիլյանը։ Առաջինին մերժել են խիստ ծայրահեղական հայացքների, երկրորդին՝ իշխանություններին խիստ հարմարվողական դիրքորոշման համար։ Մյուս կողմից՝ Դաշնակցությունը հետաքրքրություն չի ներկայացրել Հայաստանի իշխանությունների «սրտի թեկնածու» Արայիկ Հարությունյանի համար, եւ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ ինքը, հիացած չէ ՀՅԴ-ի վարած քաղաքականությամբ։ Վարկածներից մյուսի համաձայն էլ՝ ՀՅԴ-ն մտադրություն է ունեցել համագործակցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն անցած ամիս Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի նախագահի պոտենցիալ թեկնածուների հայտնի փակ հանդիպման ընթացքում, որին, ի դեպ, Բալասանյանը չէր հրավիրվել, ՀՀ վարչապետն անուղղակի ուղերձով ՀՅԴ-ին հասկացրել է, որ ճիշտը միայնակ մասնակցելն է։ ՀՅԴ-ում սա ընդունել են ի գիտություն եւ կայացրել սեփական թեկնածուով մասնակցելու որոշում։ Թեեւ մեկ անգամ էլ ծանրութեթեւ են արել իրենց ռեսուրսները եւ արձանագրել, որ բարդ է լինելու միայնակ մասնակցելը։ Չնայած, մեր աղբյուրներն ասում են, թե ՀՅԴ-ին խոստացել են, որ միայնակ հանդես գալու դիմաց կաջակցեն, որպեսզի խորհրդարան անցնելու խնդիր չունենան, կամ, գուցե, մանդատների թիվն ավելին լինի։Կուսակցությունում միակարծություն չի եղել նաեւ թեկնածուի հաշվով, քննարկել են տարբերակներ, ներկուսակցական ֆավորիտները եղել են երկուսը՝ Դավիթ Իշխանյանն ու նախկին գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը։ Ի վերջո, մեծամասնությունը կողմ է եղել Իշխանյանի թեկնածությանը։ Ինչո՞ւ։ «Նա այն քաղաքական գործիչներից է եւ վաստակել էր դա»,- ասաց ՀՅԴ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանն ու մանրամասն ներկայացրեց Իշխանյանի կենսագրությունը՝ շեշտելով նաեւ այն դրվագը, որ խնդիրն անձերը չեն, այլ՝ կուսակցությունը։
Նա չհերքեց, որ այլ թեկնածուներ էլ են եղել, բայց ընտրել են հենց Իշխանյանին։ Բալայանը պատմեց, որ հատկապես թեկնածուների հետ հանդիպումների կեսից արդեն պարզ է դարձել, որ գործընթացը ձախողվելու է, քանի որ, Բալայանի խոսքով, թեկնածուներից յուրաքանչյուրը համախմբումը տեսնում էր իր անձի շուրջ․ «Ուստի մենք որոշեցինք, որ ավելի լավ է մեր թեկնածուով մասնակցենք, հատկապես, որ դեռ մեկ տարի առաջ մենք նախնական քննարկում էինք ունեցել, որ եթե չհաջողենք միասնական օրակարգով, ապա՝ մեր կուսակիցներից, որոնց միջեւ ենք ընտրությունը կատարելու»։
Ո՞վ է լինելու ՀՅԴ-ի հիմնական մրցակիցը, եւ Հայաստանում տեղի ունեցած թավշյա իրադարձություններից հետո արդյոք Արցախում չե՞ն փորձելու պրոյեկտել հայաստանյան իրադարձությունները, իսկ այս առումով մշտապես իշխանության հետ ճանապարհ անցած ՀՅԴ-ի համար կարծես թե ոչ այնքան նպաստավոր պայմաններ են ստեղծվում։ Ասաց. «1991 թվականի ընտրություններից հետո սա, այո, լինելու է ընտրություն, որը կիրականացվի նոր միջավայրում։ Եթե նախկինում կար ֆավորիտ թեկնածու, եւ ինչ-որ իմաստով ընտրությունների ելքը կանխորոշված էր, ապա հիմա հենց իսկապես ժողովուրդն է կազմակերպելու ընտրությունը եւ տալու վստահության իր քվեն»։
Որ Արայիկ Հարությունյանն ունի ՀՀ իշխանությունների աջակցությունն ու վայելում է նրանց համակրանքը, դա՞ էլ չի խանգարի։ «Գիտեք, մեր ընտրողն ուրիշ մտածելակերպ ունի, թե ով ում է համակրում, ինչու, եթե Արցախում ուսումնասիրեք, կտեսնեք, որ դա էական գործոն չէ։ Ամեն մարդ ունի իր նախասիրությունը եւ դրա շրջանակում էլ որոշում կկայացնի»։ Բալայանն ասաց, թե միգուցե այսօր Հայաստանում եւ Արցախում տարբեր իրավիճակներ են ստեղծվել. «Բայց մենք չպետք է մոռանանք, որ մի ժողովուրդ ենք, եւ այս հատվածի՝ արցախահայության մտածելակերպն ունի իր յուրահատուկ բնորոշումները, ինքը հուզախառն ընտրություն չի կատարում, կգնա եւ սթափ որոշում կկայացնի»։
Հետընտրական համագործակցության մասին եւ այլ հարցերի շուրջ առաջարկում են խոսել ընտրություններից հետո։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )