«Իմ քայլը» «խոցելի» խմբերին է փորձում պաշտպանե՞լ
Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխումների նպատակով ԱԺ-ում երեկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Նախաձեռնությունն իմքայլական պատգամավորներինն է, նախագահ է ընտրվել Սարգիս Խանդանյանը։
Քննարկման ընթացքից պարզ դարձավ, որ նպատակը հասարակության առավել «խոցելի» խմբերի պաշտպանությունն է ատելության խոսքից՝ կանայք, հաշմանդամներ, գենդերային խմբեր, որոնց տակ հասկացվում են տարբեր փոքրամասնություններ։ Ընդդիմադիրների ճնշմամբ որոշումն ընդունվեց, որ կարգավորումները լինելու են գլոբալ, այլ ոչ թե ուղղված կոնկրետ թիրախային խմբերի։
Հանձնաժողովը կազմվելու է ԱԺ բոլոր խմբակցություններից, անկախ պատգամավորներից եւ ՀԿ ներկայացուցիչներից։ Երեկվա դրությամբ ո՛չ ԲՀԿ-ում, ո՛չ ԼՀԿ-ում չէին որոշել, թե ովքեր են ներկայացնելու իրենց, սակայն մասնավոր զրույցներում կարծիք էին հայտնում, որ գործընթացը տապալվելու է, քանի որ նախկինում եղել են նման քննարկումներ, բայց վերջում լուծումներ չեն գտել մի պարզ պատճառով, որովհետեւ աշխարհն էլ չի կարողանում որոշել այդ նուրբ սահմանը՝ որտեղ է ազատ խոսքի եւ մարդուն ատելության խոսքից պաշտպանելու սահմանը։ Եվ նման օրենքները կարող են մահակ դառնալ իշխանության համար «անցանկալի» լրատվամիջոցների դեմ։
