Թուրքական լոբբինգի ջանքերը՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևի հարցում ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի վրա ազդելու համար.
Նոյեմբերի 13-ին ԱՄՆ ավագ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը կասեցրել էր Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քվեարկությունը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից անմիջապես հետո: Անցյալում թուրքական կառավարությունը միլիոններ է վճարել ամերիկյան լոբբիստական կազմակերպություններին, որպեսզի կարողանա չեզոքացնել նմանատիպ բանաձևերը: Այս մասին գրում է թուրքական ahvalnews.com կայքը:Համեմատության համար Հայաստանի կառավարությունը քիչ ներդրումներ է արել ԱՄՆ-ում լոբբինգի ոլորտում: Վերջին անգամ լոբբինգի համար ամերիկյան ընկերությանը Հայաստանի կառավարությունը վճարել է 1999 թվականին, գրում է կայքը: Հայոց ցեղասպանության մասին բանաձևերի ճանաչման օգտին լոբբինգը կատարվում է հիմնականում ԱՄՆ-ում տեղակայված, հայկական շահույթ չհետապնդող ընկերությունների կողմից, որոնցից են Ամերիկայի հայկական ասամբլեան (AAA) և ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA):
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևերի ընդունումից անմիջապես հետո «Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեն» (TASC) հանդես եկավ հայտարարությամբ՝ պալատի որոշումը որակելով որպես «հակաթուրքական հակազդման ռեժիմ»:TASC-ի ղեկավարությունն ու գործընկերներն ուղիղ կապեր ունեն Էրդողանի շրջապատի հետ և իրենց ազդեցությունն են ունեցել Գրեհեմի կատարած քայլի վրա: Տվյալները ցույց են տալիս, որ չնայած AAA-ի և ANCA-ի որոշ առաջնորդներ ունենում են իրենց քաղաքական ներդրումը, սակայն նրանք այնքան համակարգված չեն գործում, ինչպես TASC-ը, գրում է կայքը:
TASC-ի փոխնախագահ Հալիլ Մութլուն Էրդողանի զարմիկն է: Նա և իր կինը 2016 թվականին 10 800 դոլար են ներդրել Գրեհեմի նախընտրական քարոզարշավի համար: Դա Նրանց կողմից տրված առավելագույն գումարն է եղել, քանի որ ըստ ամերիկյան օրենսդրության՝ նման դեպքում մեկ անձն իրավունք ունի հովանավորել նախընտրական քարոզարշավն ամենաշատը 5400 դոլարով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած Էրդողան-Թրամփ հանդիպումից հետո հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նույնպես ներկա էր այդ հանդիպմանը, Սենատում վետո է կիրառել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հարցում:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 10-ը, ձեռնպահ՝ 3-ը, իսկ 14 կոնգրեսական չի քվեարկել։