ԵՍ ՏԵՌՈՐԻՍՏ ԿԴԱՌՆԱՄ, ԿԵՐԹԱՄ ԹՈՒՐՔԻ ԴԵՄ. ԳԵՐԵՎԱՐՎԱԾԻ ԾՆՈՂԻ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՏԱՑԱՎ
Երեկվանից շիրակցի գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետարանից չեն հեռանում: Երեկ ուշ երեկոյան նրանք լքեցին մարզպետարանի շենքը՝ այսօր Կարմիր խաչի ներկայացուցիչների հետ հանդիպելու պայմանով: Այսօր առավոտյան նրանք կրկին մարզպետարանում էին, նրանց խոսակցությունը մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ չէր ստացվում: Գերեվարված երիտասարդների ծնողներն իրենց որդիներին էին պահանջում:
Ընդհանուր աղմուկի մեջ բոլորի պահանջը մեկն էր՝ ետ վերադարձնել իրենց որդիներին: Ծնողներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. «Ես տեռորիստ կդառնամ, կեթամ թուրքի դեմ, ինձ իմ տղուն տվեք»,- բղավում էր հուսահատ ծնողը, որից հետո ինքնազգացողությունը վատացավ:
Նշենք, որ Շիրակի մարզպետը շարունակում է պնդել, որ ամենաբարձր մակարդակով արվում է ամենը, որպեսզի ճշտվի գերեվարվածների ճակատագիրը: Դեռ երեկ տեղեկացրեց, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն անձամբ է զբաղվում գերիների ճակատագրով և մեկնել է Արցախ՝ ռուս խաղաղապահների զորքի հրամանատարի հետ միասին բանակցություններ վարելու:
Հիշեցնենք, որ թշնամու տարածած տեսանյութերից հարազատները ճանաչել էին իրենց տղաներին, ովքեր գերեվարվել էին ադրբեջանական զինուժի կողմից: Գերեվարված երիտասարդները 7 տասնյակից ավելի շիրակցի կամավորներ են: Շիրակցիները երեկ վաղ առավոտից կաթվածահար էին արել մարզի միջպետական և համայնքային ճանապարհները՝ պահանջելով իրենց որդիներին և Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այսօր ակցիաներ նույնպես նախատեսվում են: