Արմավիրում տղամարդը մետաղյա ձողով ծեծել է նախկին կնոջը

Արմավիրի մարզի բնակիչը դաժան ծեծի է ենթարկել նախկին կնոջը։

Նախնական քննության տվյալներով՝ հոկտեմբերի 25-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում տղամարդն այցելել է նախկին կնոջ տուն՝ փորձելով իր հետ տանել երկու երեխաներին, սակայն կինը թույլ չի տվել, ինչի պատճառով վիճաբանություն է ծագել։ Տղամարդը մետաղյա ձողով հարվածներ հասցրել նախկին կնոջ որովայնին, այնուհետև՝ բռնելով կնոջ մազերից վայր է գցել գետնին և մազերից բռնած քարշ տվել 20 մետր՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Բացի այդ՝ նույն օրը ծագած վիճաբանության ընթացքում ծեծել է նաև նախկին կնոջ հորը, երբ վերջինս միջամտել է։
Նախկին աներոջ հետ վիճաբանության ընթացքում մետաղյա ձողով երեք անգամ հարվածել է նրա գոտկային և ոտքերի հատվածներին, ինչի պատճառով առաջացել ձախ գոտկային, աջ և ձախ սրունքների շրջաններում արյունազեղումներ։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար, այն է՝ ծեծը։ Նշենք, որ տղամարդն ազատության մեջ է. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )