ԱՅԴ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՋՂԱՅՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՀԱՏ ԻՐԱՐ ԳԼԽԻ ԵՆՔ ԽՓՈՒՄ
Պատերազմը պատահականություն չէ հայերի համար․ կարծում է ՀՀ ժողովրդական արտիստ, բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը, ավելին՝ դա այն պրոցեսն է, որ մեզ վերադարձնում է մեր ակունքներին, որպեսզի փոխենք մեր ճակատագիրը։ «Կարող ենք ասել, որ պատերազմը մաքրման պրոցես է, թեպետ շատ դաժան, բայց կարողանում է մաքրել բոլոր բացասական էներգիաները: Թատերական ֆորմայով եթե ասենք՝ սա կատարսիս է, ու հիմա պետք է ժամանակ չկորցնենք եւ պատրաստենք զինվորներ` մտքի, արվեստի, գիտության, սպորտի եւ, իհարկե՝ ռազմի: Օրինակ, բալետի արտիստն արվեստի զինվորն է, որի վրա մեծ ամագ է դրվում պետության կողմից: Եթե զինծառայության մեջ զինվորները 2 տարի են անցկացնում, բալետի պարողը՝ 8 տարի, այսինքն՝ այդ մարդկանց վրա 8 տարի շատ մեծ ռեսուրս է ներդրվում` ե՛ւ ֆինանսական, ե՛ւ մտային, ե՛ւ զգացմունքային, որպեսզի պատրաստեն արվեստի զինվոր, բայց արվեստի կարեւորությունը մեզ մոտ նվազել է: Մինչդեռ, երբ պատերազմի ժամանակ Չերչիլի հաստատմանն են ներկայացնում պետության բյուջեն, որտեղ մշակույթի համար նախատեսված ծախսեր չեն լինում, այն հիմնավորմամբ, թե պատերազմ է, ի՞նչ մշակույթ, նա ասում է՝ այս դեպքում ինչի՞ համար ենք մենք պատերազմում»,- ասում է Խառատյանն ու ընդգծում հատկապես այս փուլում արվեստի, մշակույթի կարեւորության մասին։
«Արվեստի կարեւորությունն այն է, որ մեր միտքն արվեստի միջոցով հասցնենք աշխարհին: Մենք այսօր մտել ենք ֆիզիկական դաշտ եւ ուզում ենք այդ դաշտում մեր հարցերը լուծել, բայց հարեւան պետությունները, որ շատ ավելի ճկուն են, ունեն միտք, կարողացել են մեր դաշտում մեզանով խաղալ։ Եվ մենք չենք կարողանում արդեն քանի հարյուր տարի մեր ճակատագիրը մեր ձեռքը վերցնել, անընդհատ հույսներս դնում ենք ուրիշների վրա: Մենք քնած ենք եւ անընդհատ փախչում ենք աշխատելուց։ Օրինակ, իմաստուններն ասում են` ապագան կառավարելու համար պետք է կառավարել անցյալը, իսկ անցյալը կառավարելու համար պետք է կառավարել ներկան: Մենք ներկան կորցնում ենք եւ մեր անցյալը չենք կարողանում կառավարել: Երբ դրսում մտնում էի գրախանութներ, տեսնում էի, որ Հայաստանի մասը բացակայում է գրադարակներում: Մենք սա պետք է վերականգնենք, որ բոլորն իրենց տեղերում լինեն: Մեր ամեն մի մարդը անպետք չէ, բոլորն են կարեւոր, բայց մենք անընդհատ մտածում ենք հորիզոնական մի գծի վրա, չես կարող, օրինակ, դիրիժորին դնես զինվորի հետ հավասար մի հորիզոնական գծի վրա․ ամեն մեկն իր տեղն ու կարեւորությունը պետք է ունենա»:
Այսօր պետությունն արվեստի զինվորի կարեւորությունը գիտակցո՞ւմ է, ի վերջո՝ բավականին ռեսուրս է ծախսում այդ զինվորների վրա։ «Մի օրինակ բերեմ․ այս տարվա օգոստոսին իմ բալետը` «Զույգ արեգակները», ներկայացվեց համաշխարհային «Մեցցո» ալիքով, իսկ «Մեցցո»-ի եթերում շատ քիչ բան է ներկայացվել Հայաստանից, հատկապես՝ բալետային արվեստից: Ես զանգեցի մեր մշակույթի նախարարություն ու ասացի, որ գոնե գովազդի հարցում աջակցեք, ասացին` մեզ դա պետք չէ եւ չի հետաքրքրում, ինչն ուղղակի ինձ զարմացրեց: Մինչդեռ երբ պետությունն այդ պաշտոններին նշանակում է մարդկանց, նրանք պետք է շատ ճկուն լինեն` ամեն ինչ օգտագործեն մեր պետականությունը, արվեստը ներկայացնելու եւ պետության վարկանիշը բարձրացնելու համար: Իսկ այսօր այդ վնասը նաեւ ահավոր մեծ բացասական էներգիա է՝ կուտակված ջղայնություն, որ անընդհատ իրար գլխի ենք խփում, պինգ-պոնգ ենք խաղում` ամենաբարձր ղեկավարությունից մինչեւ հասարակ քաղաքացի»,- ասում է նա ու ընդգծում, որ այդ էներգիան պետք է կուտակենք եւ օգտագործենք ապագա պատերազմների համար, որովհետեւ հեռու չէ այն օրը, երբ կրկին պատերազմ է լինելու:
«Սա դեռ ավարտը չէ, մենք դեռ մաքրման պրոցես ենք անցնում: Հետո՝ նաեւ կարմայի հարց կա, իսկ մեր կարման արդեն պարտվողի կարմա է, որը փոխելու համար պետք է աշխատենք անընդհատ: Անհնարին բան չկա, մենք պետք է ելքեր փնտրենք, ու այդ ելքը փնտրելուց մեր խելքը, ուղեղը, ներքին ծրագրերն արթնանան: Էլի եմ ասում` մենք անընդհատ փախչում ենք աշխատելուց, ես դա զգացի հենց այն օրը, երբ ինձ հրավիրեցին Հայաստան: Մեր ժողովուրդն իր պոտենցիալով ուժեղ է, բայց արդեն սովորել է անգործությանը: Մենք պատահական չէ, որ աշխարհի խաչմերուկներում ենք հայտնվել, դա նշանակում է, որ պետք է կարողանայինք այդ ամբողջ էներգիան օգտագործել, բայց քանի որ չկարողացանք դա օգտագործել, մեր թշնամիները, հարեւանները կարողանում են օգտագործել մեր չօգտագործված էներգիաները»:
ԿԳՄՍ-ն օրեր առաջ կառավարությանն առաջարկել էր պարտադիր զինվորական ծառայությունից ազատել բալետի արտիստ Րաֆֆի Գալստյանին, ինչը, բալետմայստերի կարծիքով, ողջունելի է, բայց նման վերաբերմունք պետք է լինի ողջ դաշտի հանդեպ. «Բալետի արտիստների համար պետությունն այնքան բան է ծախսել, որն էներգիայի ձեւով պետք է ուղղենք աշխարհին: Երկու ծայրահեղություն կա․ երկնային (արվեստի) դաշտում մեզ պետք է ներկայացնեն այն արտիստները, որոնց վրա պետությունը պակաս փող չի ծախսում, իսկ երկրային (ռազմի) դաշտում՝ այն զինվորները, որոնց պետք է կրթել վաղվա պատերազմի համար։ Իսկ վաղվա պատերազմը համակարգչային խաղի նման է լինելու, որովհետեւ մեր դուխով տղերքը, զինվորներն անօգնական էին այդ ԱԹՍ-ների դիմաց, որ խփում էին իրենց, ու չգիտեին ինչ անեին: Մեզ պետք է վաղվա պատերազմին պատրաստվել, զինվորներ պատրաստել արվեստի, գիտության եւ բոլոր ասպարեզներում»:
Ռ․ Խառատյանը կարծում է, որ մենք սխալ ձեւով ենք մոտենում սփյուռքին եւ սփյուռքահայության ռեսուրսին՝ նրանցից ակնկալելով միայն նյութական օգնություն․ «Իրենք իրենց երկրներում այնպիսի բովանդակություն պետք է ձեւավորեն, որ տվյալ երկիրը հաշվի նստի իրենց հետ։ Այսինքն՝ պետք չէ, որ գան Հայաստան, իրենք ավելի արդյունավետ կարող են գործել հենց իրենց երկրներում։ 100 հազար եւ ավելի մարդու ոչ մի երկրում չեն կարող ճնշել։ Այդ մարդիկ պետք է օգտակար լինեն հայրենիքին եւ, ուրեմն, թող մի քիչ անհանգստացնեն այդ երկրների ղեկավարներին, որոնք կարող են ավելի կոշտ հայտարարություններ անել եւ ազդել Թուրքիայի, Ռուսաստանի վրա, ովքեր մեր դեմ են դուրս եկել։ Այդ իմաստով համախմբում է պետք, պետք է աշխատել եւ հույսը չդնել այս կամ այն հարեւանի վրա՝ մոռանալով, որ մենք ունենք 1․5 մլն սրբեր, եւ եթե ճիշտ օգտագործվի նրանց էներգիան, նրանք էլ կարող են զինվոր դառնալ։ Պատահական չէ, որ Վատիկանը նրանց սրբադասեց եւ Նարեկացուն էլ ճանաչեց որպես տիեզերական վարդապետ։ Այսինքն՝ այդ հոգեւոր ուժն ունենք, բայց չենք գիտակցում դրա մասին։ Անընդհատ փախչում ենք աշխատանքից, իրար մեղադրում, բայց պետք է շրջանցենք դա եւ աշխատանքով լուծենք ամեն հարց»։