Ամանորյա իմաստուն առակ

Նոր Տարվա նախօրեին բարեպաշտ կինը նկատում է, թե ինչպես իր տան մոտով անցնում են երեք ծերունի։ Նա դուրս է գալիս և առաջարկում նրանց` իրենց տանը գիշերելու և իր ընտանիքի հետ ընթրելու։
Բայց իմաստունները պատասխանում են.
— Մեզ անվանում են Հարստություն, Հաջողություն և Սեր: Սովորաբար մենք երեքով միասին չենք այցելում, գնա և խոսիր ամուսնուդ հետ, թե մեր երեքից ում կուզենայիք հրավիրել ձեր տուն այս տոնական երեկոյին։
Ամուսինը շատ է ուրախանում այս նորությամբ և որոշում է տուն հրավիրել Հարստությանը։ Կնոջը դուր է գալիս Հաջողություն անունով ծերունին, բայց նրանց երեխան ծնողներին խնդրում է տուն հրավիրել Սեր անունով ծերունուն։
Ծնողները որոշում են Նոր Տարվա առթիվ նվեր անել երեխային և կատարել նրա ցանկությունը` հրավիրելով Սեր անունով իմաստունին։ Սակայն, հենց որ նա տուն է մտնում, Հարստությունն ու Հաջողությունը նույնպես հետևում են նրան և նստում ընդհանուր սեղանի շուրջ։
— Այդ ինչպե՞ս, — հարցնում են ծնողները, — չէ որ դուք ասացիք, որ հերթով եք հյուր գնում:
— Այո, — պատասխանում են իմաստունները,- Հարստությունն ու Հաջողությունը սովորաբար գնում են առանձին-առանձին` իրենց հետ չվերցնելով մյուսներին, բայց երբ տուն են հրավիրում Սիրուն, նա իր հետ վերցնում է իր բոլոր ընկերներին` այդ թվում` Հարստությանը և Հաջողությանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )