G7-ի երկրները սպառնացել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարները համատեղ հայտարարություն են հրապարակել, որում սպառնացել են ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, այդ թվում՝ պատժամիջոցների խստացման միջոցով, եթե Մոսկվան չհամաձայնի Ուկրաինայում հրադադարի հաստատմանը։ Նրանք դատապարտել են ՌԴ շարունակվող ագրեսիան և հայտարարել, որ «հակամարտության ընթացքում Ռուսաստանին աջակցող ցանկացած կազմակերպություն» կհեռացվի Ուկրաինայի վերականգնման պայմանագրերից։
«Մեծ յոթնյակի» երկրների ֆինանսների նախարարները կարծիք են հայտնել, որ համաշխարհային տնտեսական քաղաքականության մեջ անորոշության գագաթնակետն արդեն անցել է, հաղորդում է DW-ն։ Նրանք հայտարարել են, որ համատեղ կաշխատեն շուկաների կայունացման ուղղությամբ և հետամուտ կլինեն ընդհանուր քաղաքական նպատակներին։
Հայտարարության մեջ նաև նշվում է, առանց Չինաստանն ուղղակիորեն հիշատակելու, որ որոշ երկրների «ոչ շուկայական քաղաքականությունն ու գործելակերպը» ազդում են մյուսների տնտեսական անվտանգության վրա։ Փաստաթուղթը «բոլորի համար հավասար պայմաններ» ստեղծելու կոչ է պարունակում, հաղորդում է AFP գործակալությունը։
