ԲՀԿ-Ն ՌԵՍԹԱՐԹ Է ՍԿՍԵԼ ՄԱՐԶԵՐԻՑ
Չնայած ՏԻՄ ընտրություններին պասիվ մասնակցությանը՝ ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում, տարածքային գրասենյակներ են բացում մարզերում: Պատահական չէ, որ նախօրեին ԲՀԿ մարզային կառույցների համակարգման գրասենյակի ղեկավար Արմեն Մանուկյանն ու ԲՀԿ Կանանց խորհրդի համանախագահ Լուիզա Սարգսյանը մեկնել են Գյումրի, հանդիպումներ ունեցել ԲՀԿ Գյումրու տարածքային գրասենյակների ներկայացուցիչների հետ, որից հետո ձևավորվել է ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի Կանանց խորհուրդը, նոր անդամագրումներ են եղել:
Ի դեպ, Գյումրու կանանց խորհրդի նախագահ է ընտրվել գյումրեցի լրագրող Հասմիկ Վիրաբյանը։ Hraparak.am-ը Հասմիկ Վիրաբյանից հետաքրքրվեց, թե ինչով էր պայմանավորված հենց նրան ԲՀԿ Գյումրու տարածքային կառույցի կանանց խորհրդի նախագահի պաշտոնը վստահելը, եւ արդյոք ՏԻՄ ընտրություններից հետո ԲՀԿ-ն լուրջ կադրային փոփոխությունների, սերնդափոխության է անցել:
«Կարող եմ միայն ասել, որ կադրային թարմացումները, փոփոխությունները կամ սերնդափոխությունը բնականոն երեւույթ է որեւէ կայացած կուսակցության համար։ Ինչ վերաբերվում է ինձ, այս ժամանակահատվածում ես ամեն կերպ փորձել եմ օգտակար լինել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, իմ համեստ ուժերի ներածին չափով։ Բնականաբար, դա չէր կարող աննկատ մնալ կուսակցության առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի կողմից, ում իրապես համարում եմ մեծ փորձառության տեր եւ ազդեցիկ գործիչ։ Եւ ահա մեր համատեղ քննարկումներից հետո, որոշվեց ինձ վստահել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի կանանց խորհրդի նախագահի պաշտոնը եւ հիմա այս կերպ եմ օգնելու մեր մարզում եւ քաղաքում իրականացվելիք հիրավի զգալի ու նշանակալի աշխատանքին։ Անշուշտ, անելիքներ շատ կան։
Կուսակցությունում միշտ էլ անելիքներ կան։ Իհարկե, առաջնահերթ կերպով ընթացիկ կուսակցական աշխատանքներով պիտի զբաղվեմ, նոր ծրագրեր ու գաղափարներ էլ բնականաբար կան, որոնք հիմա այսպես ասած՝ «եփման փուլում» են։ Հիմա, դե գիտեք, ձմեռային սեզոնն է, ու լավ ժամանակահատված է նոր գաղափարների, նախագծերի շուրջ մտածելու, ծրագրեր կազմելու համար։ Իհարկե, ընդգծեմ, որ ցանկացած ծրագիր, կամ նախագիծ պետք է համապատասխանեցվի մեր կուսակցական գծին։ Իսկ մեր կուսակցական գիծը, ինչպես պարոն Ծառուկյանն է բազմիցս կրկնել, ժողովրդակենտրոնությունն է։ Այսինքն, ինչ ծրագիր, գաղափար ու նախագիծ էլ լինի՝ կենտրոնում դրվելու է ժողովուրդը, հայ մարդը»,-ասաց նա:
