Արևմուտքը Ռուսաստանին խոստանում է պատժամիջոցների աննախադեպ փաթեթ

Եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Մոսկվայի դեմ կսահմանեն պատժամիջոցների աննախադեպ փաթեթ։ Այս մասին ասվում է բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ նման որոշումը Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Լեհաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի առաջնորդները, ինչպես նաև ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ղեկավարություններն ընդունել են առցանց հանդիպման արդյունքներով։

«Առաջնորդները համաձայնել են, որ եթե տեղի ունենա Ուկրաինա ռուսական ներխուժում, դաշնակիցները պետք է օպերատիվ կերպով ընդունեն պատասխան պատժիչ միջոցառումներ, ներառյալ պատժամիջոցների աննախադեպ փաթեթ։ Նրանք որոշել են շարունակել ցանկացած այդպիսի պատասխան գործողությունների սերտ համակարգումը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բանակցությունների մասնակիցները նշել են ռուսական ցանկացած ագրեսիայի հնարավոր մարդասիրական հետևանքները և համակարծիք եղել, որ նման սցենարից անհրաժեշտ է խուսափել։

«Առաջնորդներն ընդգծել են, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական բանակցությունները մնում են հիմնական առաջնահերթությունը և ողջունել են բանակցությունները, որոնք արդեն կայացել են Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի երկրների միջև»,-նշված է կոմյունիկեում։

Կողմերը պայմանավորվել են, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի Կրեմլի կողմից որևէ գործողություն, որը կխախտի Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Գերմանիան սկսել են տարհանել իրենց դիվանագետներին Ուկրաինայից։ Ուկրաինական իշխանությունները վստահեցնում են, որ խուճապի առիթ չկա։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )