
Քանի օր տարին հոբելյանական է՝ ինչպես գրականության աշխարհում է ընդունված ասել՝ «Դոստոեւսկիական», ապա արժի անդրադառնալ բոլոր ժամանակների մեծագույն ռուս դասական հեղինակներից մեկին․ «Դոստոեւսկու հերոսները հազվադեպ են լինում անվերապահ դրական։ Նրանց մեծամասնության մոտ արատն ու առաքինությունը համադրված են իրար հետ, չարը համակեցության մեջ է բարու հետ, միաձուլվելով երբեմն ամենից անսպասելի, զարմանալի եւ հակաբնական կերպով։ Դոստոեւսկու համար խիստ բնութագրական է արտաքին կեղեւի եւ ներքին բովանդակության միջեւ եղած խիստ հակադրությունոը։ Սոնյա Մարմելադովան հանդիսանում է փողոցային կին, սակայն դրանով հանդերձ նա փայլում է ներքին գեղեցկությամբ։ Նաստասյա Ֆիլիպպովնան արտաքնապես գեղեցիկ է, բայց ներքնապես արատավոր։ Ստավրոգինը վատ եւ գրավիչ արտաքին ունի, սակայն հրեշավոր ու այլանդակ էություն։ Դոստոեւսկուն հաճախ են անվանել հոգեբան, իսկ նա ինքն իրեն համարել է «իրատես»։ Սակայն կերպարները, որոնք նա նկարագրում է, իրական կյանքում չափազանց հազվադեպ են հանդիպում։ «Կասկածելի է, թե արդյոք կարելի է լրջորեն խոսել գրողի «իրատեսության» մասին, ով ստեղծել է նյարդային խանգարում ունեցողների եւ հոգեկան հիվանդների մի ողջ պատկերասրահ»,- կծել է Նաբոկովը, ով չափազանց չէր սիրում Դոստոեւսկուն։ Եւ իրապես, Դոստոեւսկու աշխարհը, մեծավ մասամբ, նյարդային խանգարումներ ունեցողների, հիստերիկների, էպիլեպտիկների, էկզալտացված մարդկանց, ինչ որ գաղափարներով հիվանդագինորեն տարված եւ հանուն դրանց հանցագործություններ անելու պատրաստների․ խաթարված մարդկանց, կոտրվածների, անձի երկատվածություն ունեցող, կրքերից եւ հակասություններից ծվատվողների աշխարհ է։ Դոստոեւսկու իրապաշտությունը կայանում է ոչ թե նրանում, որ նա հավաստի կերպով վերարտադրում է իրականություն, այլ նրանում, որ նա թափանցում է մարդկային անհատականության ամենախորը գաղտնարանները, ցույց տալով, թե մեկ մարդու մեջ ինչպես կարող են ապրել հակադիր նակասկիզբները։ «Դոստոեւսկին ունեցել է ստեղծագործելու գրեթե կրոնական կոնցեպցիա,- գրում է Վ, Ն․ Զախարովը։- Ինչպես քահանան խոստովանության ժամանակ, նա որպես գրող հանդիսացել է խոստովանահայրն իր հերոսների։ Նրանց մեղքերը դարձել են իր մեղքերը, ավելացնելով իր խաչի ծանրությունը։ Իրրենց մեղքը հերոսներն եւ հեղինակը քավում են ստեղծագործական բուն գործողությամբ՝ իրենց եւ այլոց մեղքերը խոստովանությամբ, ապաշխարությամբ եւ հատուցմամբ»։ «Ապուշը» վեպում կա մի տեսարան, որտեղ հերոսները, հավաքվելով սալոնում, սկսում են «խաղը»։ Նրանցից ամեն մեկը պետք է մյուսներին պատմեր իր կյանքի ամենաստոր ու ամոթալի արարքի մասին։ Եւ ահա մեկը մյուսի հետեւից նրանց խորանում են այդ տարօրինակ խաղի մեջ, որը պահանջում էր յուրաքանչյուրի հանրային խոստովանությունը։ Դոստոեւսկին որպես կանոն կադրից դուրս է թողնում իր հերոսների «մասնագիտական» կյանքը։ Հիմնականում նրանք ժամանակն անցկացնում են ոչ թե աշխատանքի մեջ, այլ տեւական ինքնաբացահայտումներում, աշխարհի եւ կեցության մասին ունեցած հայացքների շատախոս պարզաբանումներում։ Գործողությունները տեղի են ունենում նախաճաշերի, ճաշերի եւ ընթրիքների ժամանակ, հյուրասենյակներում եւ ճաշասենյակներում, որտեղ հերոսները անընդհատ ինչ որ բանի մասին վիճակում են։ «Սովորական տեսանկյունից դիտած,- գրում է Նիկոլայ Բերդյաեւը,- Դոստոեւսկու հերոսները կարող են պարապ-սարապների տպավորություն թողնել։ Սակայն մարդկանց միջեւ հարաբերությունները հենց ամենալուրջ եւ միակ լուրջ «գործն» են իրականում։ Ոչ մի այլ «գործ», ոչ մի այլ կենսակառուցում Դոստոեւսկու մարդկային անսահման եւ բազմազան թագավորությունում գտնել հնարավոր չէ։ Ձեւավորվում է ինչ որ կենտրոն, մարդկային կենտրոնական անհատականությունը եւ ամեն բան սկսում է պտտվել դրա առանցքի շուրջը»»։