Այդ գործողությունները, առնվազն Սյունիքի մասով, իրականացվում են ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում, և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, անկառավարելի զարգացումներ կարող էին լինել. Ն․ Փաշինյան

Այսօր Կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ–ադրբեջանական սահմանին Ադրբեջանի գործողություններին, ասաց, որ դրանց նպատակներից մեկը պատերազմի հրահրումն էր:

«Այդ գործողություններն առնվազն Սյունիքի հատվածով իրականացվում է ՀՀ տարածքի ամենանեղ հատվածում և եթե իրադրությունը դուրս գար վերահսկողությունից, այնտեղ կարող էին անկառավարելի իրադարձություններ զարգանային, որ հետո կարող էր շատ մեծ պրոբլեմների մեզ հանգեցնել»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը դիվանագիտական խողովակներով հացի լուծումը համարեց ճիշտ, արդարացված, բայց նշեց, որ դեռ չենք հասել մեր նպատակին:

«Չի կարելի բացառել ներքին պրոցեսները՝ դիտարկելով, որ այս գործողության նպատակը Հայաստանի ներքաղաքական պրոցեսների վրա ազդեցություն ունենալն է, ընտրությունների արդյունքների վրա ազդեցություն ունենալը, գուցե նաև ՀՀ-ում գործող այդ պրոպագանդիստական ցանցին քաղաքական աջակցություն ցուցաբերելը: Մենք ընդհանրապես կարծում ենք, որ պետք է գործենք բոլոր պրոպագանդաներից անդին, քանի որ պահը չափազանց պատասխանատու է և մենք արձանագրում ենք, որ մեզ համար կարևոր է տարածաշրջանի կայունությունը»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ է խոսվում սահմանի դելիմիտացիայի, սահմանների ճշգրտման մասին և այս ևս հարցով են փորձում ահաբեկել հանրությանը: «Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, և դա իմ դիրքորոշումն է, որ սահմանների ճշգրտումը որքան պետք է Ադրբեջանին, այնքան էլ պետք է ՀՀ-ին, քանի որ սահմանների ճշգրտումը և, ի վերջո, ինչ–որ փուլում սահմանների դեմարկացիան և դելիմիտացիան անվտանգային կարևոր երաշխիք է»,- ասաց նա և նշեց, որ դա պարզ գործընթաց չէ:

Նա պարզաբանեց, որ դելիմիտացիան սահմանների գծագրումն է քարտեզների վրա, դեմարկացիան արդեն տեղում ֆիքսում են տեղանքի կետերը: «GPS-ով ստուգվում է, թե արդյոք սա այն կետն է, որը նշվում է քարտեզի վրա»,- բացատրեց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը կառավարության առաջնահերթություններից մեկն է, քանի որ դա որքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանին:

«Մենք միջանցքային տրամաբանության հարց կոմունիկացիաների կոնտեքստում չենք քննարկել, չենք քննարկում և չենք քննարկելու: Ուզում եմ ընդգծել, որ միջազգային հանրությունը ավելի ու ավելի ակտիվ՝ Մինսկի խմբի համանախագահող երկրները խոսում են Ղարաբաղի հարցի երկարատև քաղաքական կարգավորման անհրաժեշտության մասին: Սա կարևոր է, քանի որ կա պնդում, թե Ղարաբաղի հարցը կարգավորված է: Հիմա կարող ենք արձանագրել, որ միջազգային հանրությունն արձանագրում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված չէ և պետք է կարգավորել և ուզում եմ ընդգծել մեր Կառավարության կամքը՝ գնալ և կարգավորել, քանի որ դա մեզ անհրաժեշտ է երկարաժամկետ առումով պատերազմի բացառմամբ և հայ ժողովրդի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար»,-ասաց նա և նշեց, որ սա շատ դժվար գործ է, այստեղ պետք է քաղաքական կամք, հարվածներ վերցնելու ունակություն, հանրության հետ բան խոսելու անհրաժեշտություն:

Չնայած դրան, նա կոչ արեց չտրվել իլյուզիաների: «Հանրությանը ուզում եմ կոչ անել չտրվել ադրբեջանական պրոպագանդայի հայաստանյան ցանցի սադրանքներին, և մենք հետևողական աշխատում ենք և աշխատելու ենք Արցախի, Հայաստանի շահերը պաշտպանելու համար»,-հավելեց նա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )