
Դպրոցն ավարտելու շեմին հաճախ կանգնում ես երկընտրանքի առաջ՝ ստանա՞լ բարձրագույն կրթություն, թե՞ ոչ։ Փորձը ցույց է տալիս, որ հաճախ բարձրագույն կրթություն ունեցող խելացի անձինք համալրում են գործազուրկների շարքերը։ Դպրոցի շրջանավարտներից շատերը հաճախ իրենք իրենց հարց են տալիս. «Լավ, հիմա ի՞նչ անել, ախր շատ եմ ուզում սովորել։ Թեպետ ցանկություն կա, վարկով կփակենք վարձը, իսկ հետո՞։ Ո՞վ ինձ կերաշխավորի, որ եթե ոչ մասնագիտությանս համապատասխան, լավ, գոնե մասնագիտությանս մոտ աշխատանք կգտնեմ»։ Ստացվում է, որ հայաստանյան պայմաններում կրթական համակարգը ոչ այնքան խոստումնալից է։ Կրթությունը կենտրոնացել է Երեւանում, իսկ մարզերում կրթություն ստանալը ոչ շահեկան է դարձել։ Երիտասարդների մեծ ներհոսքը Երեւան ու արտերկիր է։ Վիճակագրությունը ցույց է տվել, որ Հայաստանում 6-ից 3-ը նախընտրում են ստանալ ոչ ֆորմալ կրթություն՝ պատճառաբանելով, որ այդպես ավելի հեշտությամբ կարելի է գտնել աշխատանք: