<<Մեզ աջակցություն են հայտնել Մեծ Բրիտանիան, Կանադան, Ֆրանսիան և Հնդկաստանը>>. Ավստրալիայի վարչապետը` Facebook-ից և Google-ից վճարների գանձման նոր որոշման մասին
Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խոստացել է շարունակել այն օրենսդրական գործընթացները, որոնց համաձայն Facebook ընկերությունը ստիպված կլինի տեղական լրատվամիջոցներին վճարել բովանդակության համար:
Այս մասին գրում է Reuters-ը, նշելով, որ երկրի ղեկավարին իրենց աջակցությունն են հայտնել համաշխարհային առաջնորդները, այն բանից հետո, երբ սոցիալական մեդիահսկան ավստրալացի օգտատերերին և ԶԼՄ-ներին զրկել էր տեղական և միջազգային նորություններ տարածելու հնարավորությունից:
Ավստրալիայի վարչապետը, մասնավորապես, նշել է՝ նոր օրեսդրական նախագծի ընդունմանն իրենց աջակցությունն են հայտնել Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Հնդկաստանի ղեկավարները:
«Աշխարհում շատ են հետաքրքրված նրանով, թե ինչ է ներկայում անում Ավստրալիան: Հենց դրա համար էլ ես հրավիրում եմ Facebook-ին կառուցողականորեն ներգրավվել գործընթացին, քանի որ նրանք գիտեն՝ մեծ հավանականություն կա, որ Ավստրալիայի քայլերին կհետևեն այլ արևմտյան երկրների որոշումները»,- հայտնել է Մորսիսոնը:
Նշենք՝ ավելի վաղ Կանադական ժառանգության նախարար Սթիվեն Գյուիլբելթը հայտարարել էր, որ Կանադան ևս համանման մոտեցում կորդեգրի և կներկայացնի օրենսդրական փաթերը մի քանի ամիս հետո:
Հիշեցնենք՝ ավստրալական օրենքը, որով Facebook և Google ընկերությունները ստիպված կլինեն առևտրային գործարքներ կնքել տեղական հրատարակիչների հետ կամ ենթարկվել պարտադիր արբիտրաժի, արդեն իսկ հավանության է արժանացել երկրի դաշնային ստորին պալատի կողմից: Սպասվում է, որ Սենատը ևս դրան հավանության կտա հաջորդ շաբաթվա ընթացքում:
Facebook-ը և Alphabet Inc-ին պատկանող Google ընկերությունը հակաքարոզչություն են նախաձեռնել օրենքների դեմ՝ սպառնալով, որ այս իրավական ակտերի ուժի մեջ մտնելուց հետո իրենք կարող են երկրի տարածքում ապաակտիվացնել մատուցվող ծառայությունների հիմնական մասը:
