Գորդյան հանգույց

Արդեն մոտ 10 օր Գյումրու թիվ 25 դպրոցում կարելի է ասել՝ արտակարգ դրություն է։ Քաղաքի երբեմնի առաջավոր կրթօջախներից մեկում նոր տնօրենի ընտրությունը դարձել է «Գորդյան հանգույց»։ Պատճառը այն է, որ փոխվարչապետ Ավինյանը սխալ նշանակում է արել տնօրեն նշանակելով մեկին, ով մրցույթում քիչ բալեր է հավաքել, ում հետ դպրոցը մեղմ ասած՝ պատրաստ չէ աշխատելու։ Պատճառը նաեւ այն է, որ մարզային իշխանությունները՝ մարզպետով եւ կրթության ոլորտը ղեկավարող վարչությունով ու բաժնով հանդերձ, չի ունեցել բավարար համարձակություն ասելու համար, որ չի կարելի նման կամայականություն եւ պետք է նաեւ հաշվի առնել դպրոցի հանրույթի եւ ծնողների կարծիքը։ Արդյունքում տուժում է դասապրոցեսը, տուժում են երեխաները, տուժում է ապագա սերնդի կրթության որակը։ Մթնոլորտն էլ սխալ է եւ երեխայի հոգեբանության վրա վատ անդրադարձ ունեցող։ Ի վերջո եթե երկու կողմն էլ համառեն, իսկ կենտրոնական իշխանությունը որպես հենց կենտրոնական իշխանություն պետք է գոնե այս հարցում լայնախոհություն ցուցաբերի եւ զոռբայություն չանի, արդյունքում ունենալու ենք մի դպրոց, որտեղ չկա հաշտ միջավայր, որտեղ նույնիսկ քաղաքականությունն է արդեն ներթափանցել։ Չպետք է մոռանալ, որ դպրոցը դպրոց է այնքան ժամանակ, քանի դեռ ունի աշակերտություն, իսկ այս կերպ շարունակվելու դեպքում հնարավոր է շատ ծողներ պարզապես որոշեն իրենց երեխաների կրթության հարցը այլ դպրոցի վստահել։ Չի կարելի հանուն նեղ շահերի ավերակների վերածել տասնամյակների ավանդույթ եւ բարի անուն ունեցող դպրոցը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )