Ճգնաժամը կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից նոր ագրեսիայի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին զգուշացնում է, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակն ու նավթային գների ճգնաժամը կարող են Կրեմլի կողմից ՌԴ տարածքից դուրս նոր ագրեսիայի հանգեցնել: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը` հղում տալով Financial Times պարբերականում լույս տեսած նախագահի հարցազրույցին:

Զուրաբիշվիլիի խոսքով՝ «պատմությունը ցույց է տվել, որ ճգնաժամային իրավիճակները Ռուսաստանի դեպքում հանգեցնում են ոչ թե հարևանների հետ հարաբերությունների վերանայմանը, այլ նոր ագրեսիա են ստեղծում նրանց նկատմամբ»:
«Համավարակային ճգնաժամը, նավթային ճգնաժամն ու քաղաքական իրավիճակը կարող են Ռուսաստանի մոտ ագրեսիա արթնացնել»,-հայտարարել է Վրաստանի նախագահը:

Միևնույն ժամանակ Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ նման բան տեղի չի ունենա:
«Միևնույն ժամանակ ճգնաժամը կարող է ցույց տալ ռուսական կառավարությանը, որ իրենք իրենց խնդիրների լուծման համար տարբեր ճանապարհներ ունեն»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:
Նախագահը նշել է նաև, որ հիասթափված է այն փաստով, որ Կրեմլը չի օգտագործել Աբխազիայում և Հարավային Օսիայում լարվածությունը թուլացնելու հնարավորությունը:
«Մեզ հնարավորություն չի տրվել կանգնել նրանց կողքին այնքան, որքան մենք կարող ենք: Ընդհակառակը, անջատողական կառավարությունը գնալով ավելի է սրում հարաբերություններն ԱՄՆ-ի հետ: Մենք ոչ մի զարգացում չենք տեսել նաև ռուսական կողմից. համավարակի տեսանկյունից մենք թափանցիկություն չենք տեսել»,-ասել է Զուրաբիշվիլին:
Financial Times-ը հոդվածը եզրափակել է` նշելով, որ Սալոմե Զուրաբիշվիլիին հաջողվել է թուլացնել լարվածությունը Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության և տեղի ընդդիմության միջև:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )