Երբ խոսում եմ արտաքին քաղաքականությունը զրոյից ստեղծելու մասին, ես չեմ ասում, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել․ Նիկոլ Փաշինյան

Երբ խոսում եմ արտաքին քաղաքականությունը զրոյից ստեղծելու մասին, ես չեմ ասում, որ Հայաստանը նախկինում արտաքին քաղաքական ձեռքբերում չի ունեցել։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե սխալ չէ՞ նախկին արտաքին քաղաքական ձեռքբերումները զրոյացնելը, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, ՀՀ-ի անդամակցումը ԵԱՏՄ-ին, 10-յակ երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի ամրագրումը։

«Ես խոսում եմ նրա մասին, որ մենք ընդհանրապես պետք է փոխենք մեր ընկալումը որպես միջազգային սուբյեկտ և պետք է փոխենք ուրիշների ընկալումը մեր նկատմամբ՝ որպես միջազգային սուբյեկտ։ Երկու տարվա ընթացքում այս առումով մեր կեցվածքի ավանդույթն ինձ ընդհանրապես դուր չի գալիս։ Եվ այո, այդ մասով պետք է զրոյացնել ամեն ինչը և ամեն ինչ ստեղծել զրոյից»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Կառավարության կատարողականը ներկայացնելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր․ «Հայաստանում զրոյից արտաքին քաղաքականություն ենք ստեղծում»։

Վարչապետը վերջին 2 տարվա ընթացքում ՀՀ արտաքին քաղաքական ձեռքբերումներից առանձնացրեց Հայաստանի՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրվելը, Եվրամիության կողմից Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալների մեծացումը, Չինաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը, ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի, Իտալիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )