Գուտերեշը կոչ է արել հոգեբանական օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի ռիսկային խմբերին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը երկրների կառավարություններին կոչ է արել հոգեբանական օգնություն ցուցաբերել կորոնավիրուսի ռիսկային խմբերին, այդ թվում՝ բժիշկներին, երիտասարդներին և տարեց մարդկանց, գրում է un.org-ը։
«Առավելագույն ռիսկային խմբերին են պատկանում պայքարի առաջնագծում աշխատող բուժաշխատողները, ինչպես նաև տարեցները, դեռահասները և երիտասարդները, նախկինում հոգեկան առողջության խանգարումներ ունեցող անձինք, ինչպես նաև նրանք, ովքեր հայտնվել են ճգնաժամի կիզակետում: Մենք պետք է օգնենք և աջակցենք նրանց»,- ասել է Գուտերեշն իր տեսաուղերձում։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն ժամանակ, երբ համավարակը վերահսկողության տակ լինի, վիշտը, անհանգստությունը և ընկճախտը շարունակելու է ազդել մարդկանց և սոցիալական խմբերի վրա։
«Ես կոչ եմ անում կառավարություններին, քաղաքացիական հասարակությանը, առողջապահության մարմիններին և այլ կողմերին շտապ միավորվել այս համավարակի հոգեկան առողջության հարցը քննարկելու համար»,- ընդգծել է նա:
