Մասնագետները նշել են՝ որոնք են ամենաօգտակար համեմունքները

Տարատեսակ համեմունքները մարդկանց խոհանոցի անբաժանելի մասն են կազմում և որպես կանոն կիրառվում են ուտեստներին կամ ըմպելիքներին յուրահատուկ համ ու բույր հաղորդելու համար, սակայն քչերին է հայտնի, որ դրանք օժտված են նաև բազմաթիվ օգտակար հատկություններով։ Մասնագետները ներկայացրել են ամենաօգտակար համեմունքներն ու դրանց առողջարար հատկությունները։

Ինչպես գրում է actualnews.org կայքը, ամենաառողջարար ու կարևոր համեմունքներից մեկը քրքումն է, որը դրական ազդեցություն է ունենում մարսողական համակարգի աշխատանքի վրա։ Այս համեմունքը կարող է հիանալի հավելում լինել տարատեսակ ուտեստներին, սոուսներին ու անգամ թեյին, ուստի այն հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։ Բացի այդ, քրքումը կիրառվում է նաև արդյունավետ բնական դիմակների բաղադրության մեջ, սակայն այս դեպքում հարկավոր է հստակ հետևել ցուցումներին։ Ճիշտ գործածության դեպքում այս դիմակները կօգնեն ազատվել մաշկային մի շարք խնդիրներից, այդ թվում նաև գրգռվածությունից։
Շատ կարևոր է նաև ծովի աղը, որը պարունակում է օրգանիզմի համար շատ կարևո յոդ, ցինկ ու կալիում։ Միևնույն ժամանակ մասնագետները հորդորում են չափավոր օգտագործել ծովի աղն ու չչարաշահել այն, քանի որ հակառակ դեպքում կարող են զարգանալ կողմնակի բարդություններ։

Օգտակար համեմունքների շարքին է դասվում նաև զիրան, որը հիանալի միջոց է աղեստամոքսային տրակտի աշխատանքի կարգավորման համար։ Այս համեմունքի օգնությամբ կարելի է պայքարել փորափքանքի, փորլուծության ու խիթերի դեմ։ Ընդ որում՝ այն շատ լավ է համադրվում այլ համեմունքների հետ։
Ոչ պակաս օգտակար է նաև կայենյան պղպեղը, որը կարելի է հավելել տարբեր սոուսներին ու ուտեստներին, սակայն այս պղպեղը բավական կծու է, ուստի այն օգտագործելիս հարկավոր է չչարաշահել։
Լավագույն համեմունքներից է համարվում նաև դարչինը, որը հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով, ուստի խորհուրդ է տրվում կիրառել մրսածության և նմանատիպ այլ հիվանդությունների դեպքում։ Այն կարող է հիանալի հավելում լինել ինչպես ուտեստներին, այնպես էլ քաղցրավենիքին ու ըմպելիքներին։
Բացի այդ, չի կարելի անտեսել նաև սև պղպեղի օգտակարությունը։ Այս տարածված համեմունքն օգնում է օրգանիզմի բջիջներին ավելի լավ յուրացնել սննդարար նյութերը։ Սև պղպեղով սովորաբար համեմվում են պահածոներն ու նախուտեստները, ինչպես նաև հիմնական ուտեստները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )