Մինչև 2021թ. տարեվերջ Ստեփանակերտում կավարտվի 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Արցախում բնակարանային խնդիրների լուծմանը: Արայիկ Հարությունյանը մասնավորապես, գրել է.
«Սիրելի՛ համաքաղաքացիներ,
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի հետ այսօրվա հադիպմանս շարունակությունը ընդլայնված կազմով էր:Քննարկել ենք մայրաքաղաքի բնակարանային հերթացուցակներում գտնվող զոհված ազատամարտիկների ընտանիքների եւ անժամկետ զինվորական հաշմանդամություն ունեցող առաջին խմբի հաշմանդամների՝ վերանորոգման ենթակա բնակարանների եւ բնակելի տներով ապահովման հարցերը:
Հաշվի առնելով առկա հնարավորությունները՝ պայմանավորվել ենք մինչեւ 2021թ. վերջը պետական միջոցներով ամբողջությամբ ավարտել մեր ավելի քան 300 քաղաքացիների բնակարանների վերանորոգման ծրագիրը: Հորդորել եմ քաղաքապետին սեղմ ժամկետներում կազմակերպել նախագծանախահաշվային աշխատանքները: Իսկ վերը նշված մեր տասնյակ համաքաղաքացիների բնակարանային ապահովման խնդիրը նախատեսում ենք լուծել մինչև 2022թ. վերջը»:
