Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին «Ուազ-469» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվելով՝ հայտնվել ստորին ոլորանին. կան տուժածներ
Մարտի 26-ին, ժամը 20:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գորիս-Խնձորեսկ ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Ուազ-469» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Ղ., ծնված 1997 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվելով հայտնվել ստորին ոլորանին։Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևոր Գոռ Բ.-ն (ծնված 2002 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
