Խնդիրը մասնակցություն ապահովելն է

Եթե հանրաքվեի հիմնական «մեխը» ընտրություն կեղծելու փաստն է, եւ մենք «այո» ասելով պայքարում ենք ընտրակեղծարար ՍԴ-ի դեմ, ապա ինչո՞ւ Հրայր Թովմասյանը եւ ոչ Տիգրան Մուկուչյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, Հրայր Թովմասյանը նախկին իշխանության վերջին մնացորդն է, ով տարիներ շարունակ ընտրություն է կեղծել։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է նախկիններին հավատարիմ ծառայած, ընտրությունների կեղծման հարցում Թովմասյանին մի քանի անգամ գերազանցող Մուկուչյանը գործող իշխանության համար շարունակում մնալ մերոնքական: Ի՞նչ սցենար ունի Փաշինյանը՝ Մուկուչյանին անձնական հովանու ներքո պահելով: ԿԸՀ նախագահը, ով տարիներ շարունակ զբաղված է եղել նախկինների համար թվեր նկարելով եւ ընտրություն կեղծելով, ինչպես իմքայլականներն են սիրում բարձրաձայնել նախորդ ընտրությունների մասին, իշխանությունների տեսադաշտում չէ, չեն հիշատակվում նրա անցած «պատկառելի» ճանապարհը, նախկիններին մատուցած ծառայությունները: Ի՞նչ սցենար է իրականում մշակում Նիկոլ Փաշինյանը՝ Մուկուչյանի աջակցությամբ:
Սյունիքի մեր աղբյուրները վկայում են, որ ինչպես քարոզարշավի օրերին բոլոր քաղաքներում հրապարակ են բերվում կոլեկտիվներ, բյուջետային հիմնարկների աշխատակիցներ, նույն սկզբունքով բոլորից պահանջվելու է մասնակցել ընտրություններին: Անպայման մասնակցել․ սա է հիմնական խնդիրը, եւ էական չէ, թե ինչ է ասվելու՝ «այո՞», թե՞ «ոչ»: Փաշինյանը շատ լավ գիտակցում է, որ ժամանակակից տեխնոլոգիաներն ու հանրային վերահսկողությունը թույլ չեն տա ակնհայտ եւ մասսայական կեղծարարություն անել, սակայն հաշվի առնելով, որ մասնակցություն ապահովելու խնդիր է դրված՝ անկախ քվեարկության արդյունքից, ակնհայտ է դառնում Մուկուչյանին փայփայելու նպատակը: Եթե անհրաժեշտ թվով քաղաքացիներ մասնակցեն, «այո»-ի հարցը լուծելն արդեն Մուկուչյանի խնդիրն է, որը պրոֆեսիոնալ է եւ այս պահին ընտրություն կեղծելու Փաշինյանի ունեցած միակ հաղթաթուղթն է: «Ոչ»-ի թերթիկներն «այո»-ով փոխարինելու մեխանիզմն ամենահավանական տարբերակն է, որի վրա աշխատելու է իշխանությունը՝ Մուկուչյանի թեթեւ ձեռքով:
Այստեղ է, որ աստիճանաբար ուրվագծվում է, թե նախկինում նույն գործառույթն իրականացրած, նույն համակարգին ծառայած անձինք ինչու են գործող իշխանության համար տարբեր տեսանկյուններից թիրախավորվել՝ Հրայր Թովմասյանը չհամաձայնեց գործարքի մեջ մտնել իշխանության հետ, իսկ Մուկուչյանը նոր սցենարով, նոր տեխնոլոգիաներով շարունակելու է հին ավանդույթները: Ուստի իրական արդարության համար ընդամենը մեկ տարբերակ կա՝ բոյկոտել հանրաքվեն, իշխանական խաղերից խուսափելու համար:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )