Վարչական դատարանն անվավեր է ճանաչել քաղաքապետարանի պաշտոնյաների մրցույթները
Քաղաքապետարանի պաշտոնյաների թափուր տեղերի համար մրցույթները, որոնք հիմնականում անցկացվել են անցյալ տարվա գարնանը, ընթացել են խախտումներով: Առավելություն են ունեցել նրանք, ովքեր արդեն նշանակված են եղել ժամանակավոր պաշտոնների եւ կամ ծանոթ-բարեկամ են ունեցել նոր իշխանավորների շրջանում: Այս մասին անցյալ տարվա ապրիլին՝ մրցույթների թեժ շրջանում, լրագրողական հետաքննություն էինք անցկացրել, զրույցներ ունեցել մրցույթների դժգոհ մասնակիցների, նաեւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որոնք վստահեցնում էին, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է կատարվել: Եվ այսօր, ահա, պարզվում է, որ մենք հեռու չենք եղել ճշմարտությունից:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնների մրցույթներից չորսը վիճարկվել են դատական կարգով եւ մարտի 2-ին վարչական դատարանի կողմից ճանաչվել են անվավեր: Այս մասին մեզ հայտնեց հայցվորը՝ քաղաքացի Արսեն Ավետիսյանը: 2019 թվականի ապրիլին նա դիմել էր վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել բոլոր 4 մրցույթների արդյունքները, որոնց ինքը մասնակցել է՝ արտաքին գովազդի եւ ձեւավորման վարչության պետի, ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետի եւ նույն վարչության պետի տեղակալի, ինչպես նաեւ հողի վերահսկողության վարչության պետի:
Մարտի 2-ին կայացրած դատական ակտով դատարանը բավարարել է Արսեն Ավետիսյանի հայցը եւ չեղարկել համապատասխան որոշումներն ու դրանցից բխող հրամանները: Դատաքննությունը երկար է եղել եւ մանրամասն:
Ընթացքում դատարան են հրավիրվել նաեւ թվարկված պաշտոնների նշանակված անձինք: Պարզվել է, որ բացի այդ 4 պաշտոնների մրցույթներից, մյուսներն էլ են խախտումներով անցկացվել, քանի որ ընտրական հանձնաժողովներից ոչ մեկը գործող կարգի համաձայն չի ձեւավորվել: Այդ բոլոր հանձնաժողովներում որպես անդամ կամ նախագահ հանդես է եկել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վ. Խաչատրյանը, «ինչը նշանակում է, որ նրա ընտրությունը չի կատարվել պատահականության սահմանված սկզբունքով» (մեջբերում դատական ակտից):
Մրցույթի մասնակիցներին տրամադրվել են 19 անուն օրենքներ, օրենսգրքեր, այլ ակտեր, առանց նշելու դրույթները, որոնցից բխում են հարցաշարերը: Դատարանը հատկանշական է համարել այն, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բոլոր վարչությունների պետերի ժամանակավոր պաշտոնակատարները հաղթող են ճանաչվել, գրանցելով 97.3-100 տոկոսանոց արդյունք, «ինչից ակնհայտ է, որ վերջիններիս նկատմամբ դրսեւորվել է կողմնապահություն, ինչպես նաեւ՝ հնարավոր է, որ վերջիններիս տրամադրվել են իրավական ակտերի ե՛ւ ցանկը, ե՛ւ հոդվածները (բաժիններ, կետեր), դրանով ստեղծելով անհավասար պայմաններ մրցակիցների համար:
«Բոլոր նյութերը, որոնք դատի ընթացքում մենք պահանջեցինք, փաստորեն, վերացվել էին, հարցազրույցների ձայնագրություններն էին վերացրել»,- ասում է հայցվոր Արսեն Ավետիսյանը, որը քաղաքապետարանում 7 տարի աշխատել է եւ լավ գիտի օրենքները։ «Պատճառաբանությունն այն էր, որ կարիք չի եղել պահելու: Կամ, ասենք՝ պաշտոնի անձնագրում գրված է, որ տվյալ պաշտոնը ենթադրում է օտար լեզուների տիրապետում: Սակայն մրցույթի ժամանակ դա որեւէ կերպ չի ստուգվել, եւ այդ փաստերը եւս հաստատվեցին դատարանում: Քաղաքապետարանը չկարողացավ ներկայացնել որեւէ պատճառաբանություն, թե ինչու չեն ստուգել թեկնածուների օտար լեզվի տիրապետման մակարդակը: Հիմա պետք է կա՛մ նորից մրցույթ անեն, կա՛մ էլ բողոքարկեն վերաքննիչ դատարան: Չեմ կարծում, որ անգամ եթե իրենք դիմեն վերաքննիչ, կարողանան հիմքեր գտնել, այնքան մանրամասն է գրված դատական ակտը»: Դատական ակտը կայացրել է վարչական դատարանի դատավոր Գրիգոր Առաքելյանը:
ՀԳ. Երեկ մեզ չհաջողվեց տեղեկանալ Երեւանի քաղաքապետարանից, թե պատրաստվո՞ւմ են բողոքարկել դատարանի վճիռը
